Պաշտոնական. Մեսին հեռանում է «Բարսելոնայից»

22:30   5 օգոստոսի, 2021

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին չի շարունակի կարիերան կատալոնական «Բարսելոնայում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հուլիսի 1-ից «Բարսելոնայի» ավագը ստացել է ազատ գործակալի կարգավիճակ: 

«Թեեւ «Բարսելոնան» ու Մեսին համաձայնության էին հասել եւ մտադիր էին կնքել նոր պայմանագիր արդեն այսօր, սակայն իսպանական լիգայի կանոնադրությունում ամրագրված ֆինանսական եւ կառուցվածքային խոչընդոտների պատճառով պայմանագիրը հնարավոր չի լինի ստորագրել։

Այս իրավիճակի հետեւանքով Մեսին չի մնա «Բարսելոնայում»։ Երկու կողմերն էլ ափսոսանք են հայտնում, որ խաղացողի եւ ակումբի ցանկությունները կյանքի չեն կոչվի։

«Բարսելոնան» շնորհակալություն է հայտնում խաղացողին ակումբի զարգացման մեջ ունեցած ներդրման համար եւ մաղթում նրան լավագույնը անձնական կյանքում եւ պրոֆեսիոնալ կարիերայում»,- նշվում է ակումբի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը 34-ամյա Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Ավարտված մրցաշրջանում արգենտինացին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 38 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2005 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլային փոխանցման հեղինակ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.