20:12 5 օգոստոսի, 2021Մրցավարների դեմ խաղ չկա, ինչ ուզում ես արա: Մրցավարական անարդարությունները չեն կարող ինձ կոտրել: Շարունակելու եմ պայքարս: Կվերականգնվեմ, վնասվածքներս կբուժեմ եւ նորից կմտնեմ մարզադահլիճ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից ասաց Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր (2018, 2019, 2020) Կարեն Ասլանյանը (67 կգ)` ամփոփելով Տոկիո-2020-ը եւ մեկնաբանելով քառորդ եզրափակիչում վիճարկելի պարտությունը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի 67 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց Աֆրիկայի եռակի չեմպիո, Աֆրիկյան խաղերի չեմպիոն, մինչեւ 23 տարեկանների աշխարհի նախորդ երկու տարիների չեմպիոն, 23-ամյա եգիպտացի Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդի հետ եւ վիճարկելի մրցավարության պայմաններում պարտվեց 7:7 հաշվով։ Թեեւ վերջին միավորների առավելությունը Ասլանյանինն էր, բայց հաղթանակը շնորհվեց եգիպտացի ըմբիշին, քանի որ հայ ըմբիշը զգուշացումներ ուներ:
Առաջին մրցափուլի ավարտին գորգի մրցավարը գրանցեց տուշե եւ հաղթանակ շնորհեց հայ ըմբիշին: Տոկիոյի մարզադահլիճում հնչեց հաղթող Կարեն Ասլանյանի անունը, բայց վայրկյաններ անց ամեն ինչ փոխվեց:
Կարեն, ի՞նչ տեղի ունեցավ գորգի վրա անունդ որպես հաղթող հնչեցնելուց հետո:
Այդ պահին մի անհասկանալի բան տեղի ունեցավ, որը մնաց աննկատ, կադրից դուրս, այսպես ասած: Երբ տուշե հնարքն արեցի եւ գրանցվեց այն, հայտարարեցին ինձ հաղթող, որը լսվում է նաեւ տեսագրությունում: Այդ պահին ինչ-որ մեկը վազելով եկավ մրցավարների կողմը: Չհասկացա՝ ինչ ասաց ու այդ պահից սկսեցին վերանայել տեսագրությունը: Հանգիստ սպասում էի, որովհետեւ չէի հավատում, որ ինչ-որ բան կփոխվի: Ես վստահ էի իմ կատարած հնարքի վրա, գիտեի, որ հնարքը գրանցված է, եւ ես հաղթող եմ:
Մարզիկն ինքը գիտի՝ արել է, թե ոչ: Ես գիտեի, որ հնարքի ընթացքում որեւէ տեղից չէի բռնել, ամեն ինչ մաքուր էի արել ու այդքանով հանգիստ էի, որ հաղթանակս չի փոխվի: Փաստորեն սխալ էի հավատում, փոխեցին, արեցին այն, ինչ ուզում էին: Իրականում մրցակցիս թիմը ոչ մի չելենջ էլ չէր տվել: Տուշեն կար, գորգի մրցավարը գրանցել էր, կողային մրցավարները գրանցել էի, հաղթանակն իմն էր մաքուր: Երբ արդեն հայտարարում են հաղթողին, գոտեմարտը համարվում է ավարտված, դրանից հետո հնարքի չելենջ իրավունք չունեն տալու, որոշում փոխելու իրավունք չունեն: Բայց դե, մեր պարագայում, փաստորեն ունեն բոլոր իրավունքները:
Ինչպե՞ս կարողացար այդ դրվագից հետո հավաքվել եւ շարունակել պայքարդ:
Հասկացա, որ ինձ թույլ չեն տալիս հաղթել ու պետք է շարունակել պայքարը մինչեւ վերջ: Ուժերս հավաքեցի, շարունակեցի, պայքարեցի: Հետագա ընթացքն ամենահետաքրքիրն էր. ամեն գնով մրցավարները կռիվ էին տալիս իմ հետ, որ հաղթանակն իմ ձեռքից վերցնեն: 4 միավոր վաստակեցի, 2 տվեցին: Բողոքարկեցինք, հետ բերեցինք միավորներս: Անընդհատ կոտրում էին ինձ գորգի վրա: Ես արդեն հոգնեցրել էի եգիպտացուն, այդ պատճառով անընդհատ կանգնեցնում էին գոտեմարտը, որ նա շնչառությունը կարգավորի, ուժ հավաքի:
Պարտությունդ գրանցվեց հավասար միավորներով՝ քո միավորների առավելությամբ, բայց զգուշացումով: Ի՞նչը պակասեց միավորների մեջ լիարժեք առավելություն ստանալու համար:
Ինձ արդեն զգուշացում էին տվել եւ 2 միավոր հանել իմ հաշվից: Տուշեով հաղթանակս չգրանցեցին, բայց նկատողությունովս հաղթանակս տարան:
Ես շատ լավ մարզավիճակում էի: Ես եկել էի Տոկիո մինչեւ վերջ պայքարելու, որքան հնարավորություններս կներեին: Ես կարող էի մեդալային պայքարում լինել, եզրափակիչ դուրս գալ: Դա իմ ուժերի սահմաններում էր, քանի որ շատ լավ էի պատրաստվել: Վստահ էի իմ ուժերի վրա ավելին, քան երբեւե: Ու ոչ միայն ես, ամբողջ մեր թիմն այս Խաղերում բացառիկ կեցվածքում էր, մենք գերպատրաստված էինք, յուրաքանչյուրս մեր քաշում մինչեւ վերջ գնալու պատրաստ:
Արթուր Ալեքսանյանի, Կարապետ Չալյանի, իմ գոտեմարտերն, ասես, նախնական պայմանավորվածությամբ միտումնավոր մրցավարների կողմնապահությամբ ընթացավ, որպեսզի որեւէ մեկս հնարավորություն չունենանք մինչեւ վերջ պայքարելու:
Կարծում ես՝ կա՞ր հատուկ ուղղորդվածություն:
Սպորտում, մասնավորապես մեր մարզաձեւում շատ են հանդիպում դեպքեր, որ գոտեմարտի ելքը որոշվում է մրցավարների միջամտությամբ: Դա անխուսափելի է: Մեկի հանդեպ, կամ որեւէ երկրից մեկ ներկայացուցիչի հանդեպ, բայց այսպես բացահայտ աշխատել կոնկրետ մի թիմի դեմ, անհավատալի է:
Օրինակ, Կարապետ Չալյանի գոտեմարտն ադրբեջանցու հետ հենց սկզբից պարզ էր, որ մրցավարներն իրենց գործն անելու են: Ես գոտեմարտին հետեւում էի Արմեն Նազարյանի սան Հայկ Մնացականյանի հետ: Կարապետին հենց սկզբից մի զգուշացում տվեցին: Ես հասկացա, Հայկն էլ ասաց՝ զգուշացումը տվեցին, որ երբ պետք լինի, երկրորդը տան: Այնտեղ գլխով հարված չկար: Մենք մարզիկներս գիտենք՝ երբ, ինչ սխալ ենք թույլ տալիս, երբ ենք հարվածում, կա դրանում միտումնավորություն, թե ոչ:
Արթուր Ալեքսանյանը շատ վստահ տեսք ուներ, նույնիսկ վնասված ոտքով լավագույնս մասնակցեց Եվլոեւի հետ եզրափակիչին: Պարտերում ուղղակի փայլուն պաշտպանվեց, մաքուր, իր ուժերի վրա վստահ նստեց պարտեր: Նրան ոչինչ չէր խանգարում հաղթանակի հասնելու համար: Պարտերից հետո, եթե բողոքարկում չտային, երկրորդ մրցափուլում վերեւից Արթուրն էր աշխատում ու հաղթում էր: Դա գիտակցելով Ռուսաստանի թիմի անդամները բողոքարկեցին ոչնչի համար: Մրցավարներն էլ կրկին գիտակցելով, որ առանց դրա չեն կարող խուսափել Արթուրի հաղթանակից, բավարարեցին բողոքարկումը:
Արմեն Մելիքյանն էլ հրաշալի գոտեմարտ անցկացրեց մեկնարկում եւ ուժեղ ըմբիշի հաղթեց: Երեւի երկրորդ գոտեմարտում չէր հասցրել վերականգնվել: Նա նույնպես շատ լավ մարզավիճակում էր ու կարող էր մեդալի համար պայքարել:
Ես մեկնակում հաղթեցի շատ ուժեղ ըմբիշի՝ 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիին: Կարծում եմ, եթե նրան չհաղթեի, նա էր դառնալու իմ քաշային կարգում չեմպիոնը:
Չգիտեմ, բառերով նկարագրելու չի ,թե ինչպես մեզ՝ բոլորիս, զրկեցին մեր հաղթանակներից: Պարզից էլ պարզ էր:
Վստահ հայտարարում եմ, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը մրցավարների միջամտությամբ զրկվեց 4 մեդալից, այդ թվում՝ Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալից: Մեզ զրկեցին:
Այս ամենից հետո ի՞նչ հոգեբանական վիճակ է մոտդ: Հիասթափություն կա՞:
Ամեն ինչ շատ լավ է: Հիասթափված չեմ, քանի որ այս ամենի միջով արդեն անցել էի 2019 թվականի աշխարհի առաջնությունում նույն եգիպտացու հետ գոտեմարտում: Նույն սցենարով իմ հաղթանակն այնտեղ էլ գողացան: Ինչի՞ց հիասթափվեմ: Միակ մտածմունքս այն է, թե հետագայում ինչ պետք է անեմ մրցավարներին գործելու հնարավորությունից զրկելու համար: Այն պահն է, որ չգիտես՝ հետո ինչ պետք է անես, ինչպես պետք է գոտեմարտես, որ չկարողանան գողանալ: Ընդհանրապես չեմ պատկերացնում: Մեր մարզաձեւում բռնցքամարտի պես չի, մի հատ հարվածես, նոկաուտ լինի (ծիծաղում է): Ինչ ուզում ես արա, իրենց դեմ խաղ չկա:
Կանգ չեմ առնելու: Մրցավարական անարդարությունները չեն կարող կտրել ինձ իմ նպատակներից: Շարունակելու եմ, մարզվելու եմ, պայքարելու, ավելի եմ ուժեղանալու, որ հաղթեմ նաեւ նրանց: Այս պահին կվերականգնվեմ, վնասվածքներս կբուժեմ եւ նորից կմտնեմ մարզադահլիճ:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.