10:45 5 օգոստոսի, 2021Արծաթե մեդալը հաղթանակ չէի համարի: Ուզում էի, իրոք, հաղթանակ լիներ, որ այն նվիրեի պատերազմում զոհված մեր տղաներին: Չստացվեց. իմ օրը չէր: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայում լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որն այս գիշեր Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի հետ վերադարձել է հայրենիք: Կրկնակի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը մեկնաբանել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտի մրցաշարի 109 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար պայքարում ձախողումը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Տոկիոյիում կարող էր ավելի լավ լինել, բայց արդեն ինչ եղել, եղել է, պարզապես իմ օրը չէր: Օլիմպիական ռեկորդ գրանցեցի պոկում վարժությունում, որը սպասված էր: Ավելիին էի սպասում, ուղղակի չստացվեց:
Օլիմպիական արծաթե մեդալը հաղթանակ չէի համարի: Ուզում էի, իրոք, հաղթանակ լիներ, որպեսզի այն նվիրեի մեր ամբողջ ազգին, մեր զինվորներին, որոնք զոհվեցին պատերազմի ժամանակ, որոնք դեռ կան ու կլինեն: Ուզում էի իսկապես հաղթել բոլոր մեր այն հայ տղաների համար, որոնք իրենց կյանքը նվիրեցին մեր հայրենիքի պաշտպանության համար: Ոչինչ չես կարող հետ բերել: Պետք է առաջ նայենք ու շարժվենք դեպի առաջ»,- ասաց Սիմոն Մարտիրոսյանը:


Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Տոկիո-2020-ի ծանրամարտի 109 կգ քաշայինների պայքարում Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց երկամարտի արծաթե մեդալը 423 կգ արդյունքով: Նա 7 կգ զիջեց ոսկե մեդալը նվաճած ուզբեկ Աքբար Ջուրաեւին (430 կգ):
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.