Արթուր Դավթյանին ու Սիմոն Մարտիրոսյանին մեծ շուքով դիմավորեցին «Զվարթնոցում» (ֆոտոշարք)

09:10   5 օգոստոսի, 2021

44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում կրկին հնչեց հայկական զուռնա-դհոլը. հայ երկրագուները մեծ շուքով դիմավորեցին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալակիրներին: Օգոստոսի 5-ին` ժամը 03:55-ին, Տոկիո-Վիեննա-Երեւան չվերթով օլիմպիական Տոկիոյից հայրենիք վերադարձան ծանրամարտի կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն (109 կգ) ու Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը՝ մարզիչներ Վիգեն Խաչատրյանի եւ Հայկ Նազարյանի հետ:

Օլիմպիական մեդալակիներին դիմավորելու էին եկել Սիմոն Մարտիրոսյանի եւ Արթուր Դավթյանի ծնողները, հարազատներն ու բարեկամները, ընկերները, սպորտային մարմնամարզության եւ ծանրամարտի տղամարդկանց հավաքականների բոլոր անդամները: Դիմավորողներից ամենակրտսերը Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանի 2-ամյա դուստրն էր, որը, քնի դեմ համառորեն պայքարելով, մեդալակիներին Հայաստան բերող ինքնաթիռի վայրէջքից հետո ավելի քան 2 ժամ սպասեց չեմպիոն հոր դուրս գալուն եւ գրկում հայտնվելուն: Օլիմպիական մեդալակիներին զուռնա-դհոլով դիմավորելու նախաձեռնությունը Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանինն էր:

Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում պատմական նվաճում գրանցեց՝ 41 տարվա դադարից հետո անկախ Հայաստանին բերելով առաջին մեդալը Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած հայ մարզիկներին չդիմավորեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաեւ իշխանության որեւէ ներկայացուցիչ: Դերենիկ Գաբրիելյանի հետ ներկա էր միայն ԿԳՄՍ նախարարության սպորտի և քաղաքականության վարչության բաժնի պետ Արթուր Սեդրակյանը եւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Չնայած ուշ գիշերվան, 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալակիրներին օդանավակայանում մեծ թվով երկրպագուներ էին սպասում: Սիմոն Մարտիրոսյանին եւ Արթուր Դավթյանին դիմավորեցին չեմպիոններին վայել, ծափերով, կոչերով ու դափնիներով, որոնք Հայաստանի պատվիրակության անդամներին հանձնեց ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրելյանը: Վերջում, նախքան օդանավակայանը լքելը, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Գոռ Մինասյանը, Անդրանիկ Կարապետյանը, Կարեն Ավագյանը, Հակոբ Մկրտչյանը, Սամվել Գասպարյանն ու մյուսները Սիմոն Մարտիրոսյանի պարանոցից հանեցին Տոկիո-2020-ի արծաթե մեդալն ու փոխչեմպիոնին օդ «թռցրին»: Արծաթե մեդալն ավելի ուշ «վերադարձավ» կրկնակի օլիմպիական փոխչեմպիոնի պարանոցին:

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճել է դեռեւս 3 մեդալ՝ երկու արծաթ եւ մեկ բրոնզ: Արծաթե մեդալակիրներ են դարձել Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը եւ Ռիո-2016 օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի հնգակի, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը 97 կգ քաշայինների եզրափակիչում վիճահարույց մրցավարության պայմաններում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոեւին: Բրոնզե մեդալը նվաճել է սպորտային մարմնամարզիկ, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը: 17 մասնակցից բաղկացած Հայաստանի պատվիրակության անդամներից Տոկիո-2020-ում պայքարի մեջ է մնացել բռնցքամարտի կրկնակի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63 կգ) եւ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթակիր Վազգեն Թեւանյանը (65 կգ):

Հովհաննես Բաչկովն արդեն ապահովել է օլիմպիական բրոնզե մեդալը եւ օգոստոսի 6-ին կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար: Նույնը օրը պայքարի մեջ կմտնի Վազգեն Թեւանյանը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.