09:09 4 օգոստոսի, 2021Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը նվաճած Մուսա Եվլոևին: Եզրափակիչում ռուս ըմբիշը 5:1 հաշվով հաղթել էր աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանին, որը Օլիմպիական խաղերի ոսկե ու բրոնզե մեդալներին գումարեց նաև արծաթե մեդալ:
«Սրտանց շնորհավորում եմ ձեզ Տոկիոյում հաջողության համար: Դուք շատ եք աշխատել, որպեսզի հասնեք օլիմպիական չեմպիոնի կոչմանը:
Փորձառու ու անվանի մրցակցի դեմ եզրափակիչ գոտեմարտում դրսևորեցիք երկաթյա կամք, հղկված տեխնիկա, հաջողության հասնելու նպատակասլացություն: Այդ վստահ, փայլուն հաղթանակը հրաշալի նվեր է մեր մարզիչների ու մեր երկրում հունահռոմեական ըմբշամարտի բոլոր սիրահարների համար: Կեցցես: Շարունակիր նույն կերպ: Մաղթում եմ ձեզ նոր սպորտային նվաճումներ ու ամենաբարին»,- ասվում է Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուժուպբեկովի նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակով, իսկ երկրորդ գոտեմարտում 5:1 հաշվով ուժեղ էր գտնվել ֆինն Արվի Սավոլայնենից: Կիսաեզրափակիչում նա 4։1 հաշվով հաղթել էր իրանցի Մոհամադհադի Սարավիին, որի դեմ գոտեմարտի վերջնամասում ստացել էր ոտքի մկանային վնասվածք: Մուսա Եվլոևի դեմ եզրափակիչի հենց մեկնարկում զգացվեց, որ գյումրեցի ըմբիշը նախորդ գոտեմարտում ստացած ձախ ոտքի մկանային վնասվածքից ցավի զգացում ունի։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Տոկիո-2020-ում ելույթն ավարտեց 1 արծաթե մեդալով: Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էին կրել քառորդ եզրափակիչում և լքել պայքարը, իսկ Կարապետ Չալյանը (77 կգ) պարտվել էր բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Ֆոտո՝ Reuters
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.