12:35 3 օգոստոսի, 2021Խոսքեր չունեմ ասելու: Օլիմպիական խաղերում ինչպես ուզում, դատում են: Օլիմպիական ոսկե մեդալ կորցրինք:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը՝ մեկնաբանելով Կարեն Ասլանյանի վիճահարույց պարտությունը 67 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում:
«Սա Օլիմպիական խաղեր է. ուղղակի ուղեղիս մեջ չի տեղավորվում: Այսպիսի բան չեն անում: Մենք ոսկե մեդալ կորցրինք: Վստահ եմ ասում: Ոչ մի արդարություն չկա:
Արդեն հրատապ խնդիր է բողոքարկումը: Միջազգային ֆեդերացիային պետք է բողոքարկել, որ այսուհետև մեր տղաների հետ նման կերպ չվարվեն: Ասում եմ՝ ոսկե մեդալը մեր ձեռքից տարան:
Ամբողջ կյանքում սպորտում եմ, այսպիսի մրցավարություն երբեք չեմ տեսել. ոտքով անում են՝ հաշվում են, մենք մեր մաքուր ձեւով անում ենք՝ չեն հաշվում: Ինչպես կարելի է այսպես արդեն որերրորդ անգամ մեր մեդալները տանում են»,- ասաց Էդուարդ Սահակյանը:
Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի 67 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Կարեն Ասլանյանը գոտեմարտեց Աֆրիկայի եռակի չեմպիո, Աֆրիկյան խաղերի չեմպիոն, մինչեւ 23 տարեկանների աշխարհի նախորդ երկու տարիների չեմպիոն, 23-ամյա եգիպտացի Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդի հետ եւ պարտվեց 7:7 հաշվով։
Կարեն Ասլանյանը Տոկիոյում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից։ 26-ամյա հայ ըմբիշը գոտեմարտել էր 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ եւ առավելության հասել վերջին միավորի շնորհիվ՝ 1։1։ Մոհամեդ Իբարհիմ Էլսայեդը 7։6 հաշվով պարտության էր մատնել աշխարհի կրկնակի չեմպիոն, 33-ամյա հարավկորեացի Ռյու Սան Սուին։ Եթե Մոհամեդ Իբարհիմ Էլսայեդը հասնի եզրափակիչ, Կարեն Ասլանյանը պայքարը կշարունակի բրոնզե մեդալի համար։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.