Տոկիո-2020-ում Հայաստանի վերջին օլիմպիական Վազգեն Թեւանյանը մեկնեց Ճապոնիա (ֆոտո, վիդեո)

07:42   3 օգոստոսի, 2021

Արթուր Ալեքսանյանի եւ Կարապետ Չալյանի գոտեմարներն ինձ ոգեւորել են: Դրական լիցքերով մեկնում եմ օլիմպիական Տոկիո:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասաց ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Վազգեն Թեւանյանը:

Օգոստոսի 3-ին 04:50-ին Երեւան - Վարշավա - Տոկիո չվերթով օլիմպիական մայրաքաղաք մեկնեց Հայաստանի թիմի վերջին ներկայացուցիչ, ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թեւանյանը (65 կգ):

Տոկիո-2020-ում Հայաստանի վերջին օլիմպիականին Ճապոնիայի մայրաքաղաք ուղեկցեց հավաքանի մարզիչ Էդգար Ենոքյանը:

Վազգեն Թեւանյանն ու Էդգար Ենոքյանը Տոկիո կժամանեն օգոստոսի 4-ին՝  Արսեն Հարությունյանի մեկնարկի օրը:

«Դրական լիցքերով մեկնում եմ Օլիմպիական խաղեր: Սպասելիքներս մեծ են, մեծ հույսեր կան, պետք է արդարցնեմ դրանք: Հետեւել եմ նախորդ երկու օրերի մեր տղաների մրցելույթներին: Շատ ոգեւորված եմ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ դուրս գալով: Կուզեի, որ բոլորն էլ դուրս գային եզրափակիչ: Կարապետ Չալյանը մեդալ նվաճելու մեծ հնարավորություն ունի: Շատ ուրախ եմ նրանց համար: Այդ դրական լիցքերը փոխանցվել են ինձ: Կփորձեմ շարունակել հաջողությունները:

Ես եզրափակելու եմ Հայաստանի օլիմպիական հավաքականի մրցելույթները Տոկիո-2020-ում: Այս առումով չեմ ցանկանում պատասխանատվություն վերցնել ինձ վրա: Իմ առջեւ առաջնահերթ խնդիր եմ դրել լավ մասնակցել»,- ասաց Վազգեն Թեւանյանը:

Հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը օլիմպիական Տոկիո է մեկնում ոսկե մեդալների ակնկալիքներով:

«Տրամադրությունը մարտական է: Հուսով ենք, որ տղաները կուրախացնեն մեզ: Այսօր արդեն հունահռոմեականներն ուրախացրին. Արթուր Ալեքսանյանն իր բարձունքում է, վստահ եմ, որ եզրափակիչում էլ ավելի մեծ ուրախություն կպարգեւի բոլորիս ոսկե մեդալով եւ այդ տրամարդությունը կփոխանցի նաեւ ազատ ոճայիններին:

Վազգեն Թեւանյանից եւ Արսեն Հարությունից մեծ սպասելիքներ ունենք: Երկուսն էլ շատ լավ մարզումային փուլեր են անցել, հրաշալի մարզավիճակում են: Երկուսն էլ տրամադրված են հաղթանակի: Օլիմպիական գորգը ցույց կտա, թե ինչպես կստացվի: Ես ինքս շատ հանգսիտ եմ, որովհետեւ, ըստ փուլերի, նորմալ անցել ենք եւ լավ պատրաստվել: Ինձ թվում է՝ լավ է լինելու:

Վազգեն Թեւանյանի հետ Տոկիո կժամանենք օգոստոսի 4-ին առավտոյան 08:00-ին: Մեծ հույս ունեմ, որ կկարողանանք հասնել Արսեն Թեւանյանի մեկնարկային գոտեմարտին»,- նշեց Էդգար Ենոքյանը: 

Վազգեն Թեւանյանի օլիմպիական մայրաքաղաք ճանապարհելու էին եկել ընկերները:

Թեւանյանը Տոկիո-2020-ում մրցագորգ դուրս կգա օգոստոսի 6-ին Երեւանի ժամանակով 11:30-ից:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.