Տոկիո-2020. Կարեն Ասլանյանը կմեկնարկի փորձառու մրցակցի հետ գոտեմարտով (ֆոտո)

11:02   2 օգոստոսի, 2021

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում տեղի է ունեցել 67 կգ քաշային կարգի վիճակահանությունը:

Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի առաջնության եռակի Եվրոպայի բրոնզե մեդալակիր (2018, 2019, 2020) 26-ամյա Կարեն Ասլանյանը (67 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ: Հաղթողը քառորդ եզրափակիչում կարող է հանդիպել աշխարհի կրկնակի չեմպիոն, 33-ամյա կորեացի Ռյու Սան Սուի հետ, որը պայքարը կսկսի որակավորման փուլից:

67 կգ քաշային ըմբիշները պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 3-ին: Գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 06:30-ին:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչ Արմեն Մելիքյանն օգոստոսի 1-ին հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում և լքել պայքարը:

Օգոստոսի 2-ին պայքարի մեջ մտած օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ու Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ) 2-ական հաղթանակ տանելուց հետո դուրս են եկել կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի իրանցի Մոհամադհադի Սարավին, իսկ Կարապետ Չալյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովի հետ:

Կարեն Ասլանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 67 կգ քաշային կարգ

Ծնվել է  1995 թվականի հուլիսի 22-ին Երեւանում

Անձնական մարզիչը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Սամվել Գեւորգյանն է:

Ամուսնացած չէ:

Կարեն Ասլանյանը 2012 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2013 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, 2014 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2015 թվականի Համաբանակային 6-րդ ամառային խաղերի փոխչեմպիոն, 2017 թվականի հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնության չեմպիոն: Մեծահասակների կազմում 2018, 2019 եւ 2020 թվականների դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր, միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող:

Կարեն Ասլանյանը հանդես է գալիս նաեւ ակումբային առաջնություններում:

2017 թվականին «Սամուրգաշև եղբայներ» մարզական ակումբի թիմի կազմում դարձել է Ռուսաստանի գավաթակիր։

2017 թվականին Իրանում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում իրանական «Սինա Սանաթ Իզեհ» թիմի կազմում դարձել է փոխչեմպիոն: 

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2021 թվականի մայիսի 8-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.