Կարեն Խաչանովն՝ օլիմպիական փոխչեմպիոն (ֆոտո)

13:40   1 օգոստոսի, 2021

Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովն արծաթե մեդալակիր դարձավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մրցաշարում:

Եզրափակիչում 25-ամյա հայ թենիսիստը մրցեց գերանացի Ալեքսանդր Զվերևի հետ և պարտվեց 2 սեթում՝ 3:6, 1:6: Մրցախաղը տևեց 1 ժամ 20 րոպե: 24-ամյա Զվերևը նվաճեց Գերմանիայի չորրորդ ոսկե մեդալը Տոկիո-2020-ում:

Տղամարդկանց մենախաղի բրոնզե մեդալակիր էր դարձել իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան, որը երրորդ տեղի համար մրցախաղում հաղթել էր աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին:

Սա Խաչանովի երկրորդ օլիմպիական հաջողությունն էր: Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերում նա արծաթե մեդալակիր էր դարձել զուգախաղում:

Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը Տոկիո-2020-ի առաջին շրջանում հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցիչ Յոսիհիտո Նիսիոկուին (3:6, 6:1, 6:2), երկրորդ շրջանում՝ ավստրալացի Ջեյմս Դաքվորթին (7:5, 6:1), երրորդ շրջանում՝ արգենտինացի Դիեգո Շվարցմանին (6:1, 2:6, 6:1), իսկ քառորդ եզրափակիչում՝ ֆրանսիացի Ուգո Ումբերին (7:6, 4:6, 6:3), իսկ կիսաեզրափակիչում՝ իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստային (6:3, 6:3):

Տոկիո-2020-ի թենիսի կանանց մենախաղի օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել էր շվեյցարացի Բելինդա Բենչիչը, որը եզրափակիչում ուժեղ էր գտնվել չեխ Մարկետա Վոնդրոուշովայից:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.