Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանն իմացան առաջին մրցակիցներին (ֆոտո)

09:21   1 օգոստոսի, 2021

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում տեղի է ունեցել 77 և 97 կգ քաշային կարգերի վիճակահանությունը: Պայքարը կմեկնարկի օգոստոսի 2-ին:

Գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 1/8 եզրափակիչում ուժերը կչափի Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուզուպբեկովի հետ: Այդ զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի կամ կուբացի Ռոսիլիո Քինդի, կամ ֆինն Արվի Սավոլայնենի հետ:

Արթուր Ալեքսանյանն ու Ուզուր Ջուզուպբեկովն այս տարվա հունվարին հանդիպել են Կիևի մրցաշարում:

Արթուր Ալեքսանյանի գլխավոր մրցակիցներից ռուս Մուսա Եվլոևը հայտնվել է մյուս հատվածում: Նրանք կարող են հանդիպել միայն մեդալային գոտեմարտում:

Կարապետ Չալյանի (77 կգ) առաջին մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովը: Քառորդ եզրափակիչում այդ զույգի հաղթողը կմրցի Ալեքսանդր Չեխիրկին (Ռուսաստան) – Անտոնիո Յեպես (Մեքսիկա) գոտեմարտի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչ Արմեն Մելիքյանն օգոստոսի 1-ին հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում: Եթե Արմեն Մելիքյանին հաղթած 31-ամյա ուկրաինացի Լենուր Տիմուրովը նվաճի եզրափակիչի ուղեգիր, հայ ըմբիը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (67 կգ) պայքարի մեջ կմտնի օգոստոսի 3-ին:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա 2 մասնակից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.