Վարդան Բիչախչյանի հետխաղյա մեկնաբանությունն ու «Շլյոնսկ» - «Արարատ» խաղի գոլերը

10:55   30 հուլիսի, 2021

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հետխաղյա ասուլիսում մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում լեհական «Շլյոնսկի» հետ մարտական ոչ ոքիին:

«Առաջին խաղից հետո բարդ վիճակում էինք, ու այս հանդիպման սկզբնամասն էլ հաջող չդասավորվեց։ Հետո կարողացանք խաղը կարգավորել և երկու գոլ խփել։ Երկրորդ կեսը լավ չսկսեցինք, չկար այն արագությունը, որը կար առաջին խաղակեսում ու կրկին ստանդարտ դրությունից գոլ բաց թողեցինք։ Աբսուրդ է․ երկու խաղերում 5 գոլ խփեցինք, բայց, ցավոք, չկարողացանք երկրորդ փուլի արգելքը հաղթահարել, քանի որ տարրական սխալները բավականին շատ էին, իսկ նման խաղերում սխալները չեն ներվում։ Շնորհավորում եմ «Շլյոնսկին» հաջորդ փուլ դուրս գալու կապակցությամբ ու հաջողություն մաղթում»,- ասել է մարզիչը:

Հիշեցնենք, որ Գյումրիում տեղի ունեցած առաջին խաղում «Արարատը» պարտվել էր 2:4 հաշվով, իսկ Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հուլիսի 29-ին անցկացված պատասխան հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով: Որակավորման երրորդ փուլում «Շլյոնսկը» կմրցի իսրայելական «Հապոել Բեր Շևայի» հետ, որը 2 խաղերի արդյունքում ուժեղ գտնվեց բուլղարական «Արդայից» (2:0, 4:0): 

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր հունգարական «Ֆեհերվարին» (1:1, 2:0), իսկ «Շլյոնսկը» պարտության էր մատնել էստոնական «Պայդեին» (2:1, 2:0):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։