Տոկիո-2020. Հուլիսի 30-ին Հայաստանը կներկայացնի 1 օլիմպիական

22:15   29 հուլիսի, 2021

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 30-ին Հայաստանը կունենա մեկ մասնակից։ Լողի մրցաշարում երկրորդ մեկնարկը կունենա Հայաստանի չեմպիոն Արթուր Բարսեղյանը, որն ուժերը կփորձի 50 մետր ազատ ոճում: Նա հանդես կգա 5-րդ լողահերթում, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:10-ին:

Տոկիո-2020-ում Արթուր Բարսեղյանը հուլիսի 27-ին մասնակցել էր նաև 100 մետր ազատ ոճի մրցմանը, որտեղ չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը և 70 մասնակիցների մեջ 38-րդ տեղն էր գրավել 49.78 վայրկյան արդյունքով:

Լողի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճում 45-րդ տեղն էր զբաղեցրել 51 մասնակիցների մեջ:

Արթուր Բարսեղյան, լող, 50 եւ 100 մետր ազատ ոճ

Ծնվել է 2002 թվականի մարտի 29-ին Երեւանում:

Անձնական մարզիչ՝ Արմինե Ավետիսյան

Արթուր Բարսեղյանը պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների Հայաստանի բազմակի չեմպիոն է եւ ռեկորդակիր, միջազգային մրցաշարերի հաղթող: Մեծահասակների կազմում առաջին լուրջ փորձը եղել է 2016 թվականի ԱՄԷ աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ սահմանել է անձնական ռեկորդ եւ բարելավել իր արդյունքները, բայց մրցանակային տեղ չի զբաղեցրել:

2017 թվականին Հունգարիայում մասնակցել է Եվրոպական օլիմպիական փառատոնին, որտեղ զբաղեցրել է 6-րդ տեղը: Նույն տարում պատանիների աշխարհի առաջնությունում լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորմատիվ:

2018 թվականին Հելսինկիի միջազգային մրցաշարում նվաճել է պատանիների Օլիմպիական խաղերի վարկանիշ: 2018 թվականին Արգենտինայում անցկացված պատանեկան Օլիմպիական խաղերում 50 մետր ազատ ոճ մրցաձեւում 22.69 արդյունքով զբաղեցրել է 7-րդ տեղը:

2019 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը եւ լրացրել  B վարկանիշ: 2019 թվականի Համահայկական խաղերի չեմպիոն է, 2021 թվականի Բուլղարիայի բաց առաջնոթյան չեմպիոն, արծաթե եւ բրոնզե մեդալակիր:

Ամուսնացած չէ:

Տոկիո-2020-ի ուղեգիրը նվաճել է՝ 2019 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում B վարկանիշ լրացնելով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։