Նովակ Ջոկովիչ․ Առանց ճնշման չի լինում պրոֆեսիոնալ սպորտ, բայց ես մշակել եմ մեխանիզմներ

14:06   29 հուլիսի, 2021

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը խոսել է Տոկիոյի Օլիմպիական խաղերում հոգեբանական ճնշման եւ դրա հաղթահարման մասին։

34-ամյա սերբ թենիսիստն այս մրցաշրջանում նվաճել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի երեք տիտղոս եւ մոտ է «Ոսկե սաղավարտին» (Ավստրալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի բաց առաջնությունների, Ուիմբլդոնի մրցաշարի հաղթողի կոչումներն ու օլիմպիական տիտղոսը մեկ մրցաշրջանում)։

«Ճնշումը արտոնություն է, որն ունենում են առաջատարները։ Առանց ճնշման չի լինում պրոֆեսիոնալ սպորտ։ Եթե նպատակդ առաջինը լինելն է, պետք է կարողանալ կորտում եւ դրանից դուրս հաղթահարել ճնշումը։

Չեմ կարող ասել, որ չեմ նկատում այս աղմուկը, բայց ես մշակել եմ մեխանիզմներ, որոնք օգնում են ինձ հաղթահարել հոգեբանական ճնշումը եւ չշեղվել գլխավոր նպատակին հասնելուց։

Ճնշումը ինձ չի հյուծում։ Ես արդեն բավականաչափ փորձառու եմ, որպեսզի դա չնկատեմ եւ կորտում ցուցադրեմ լավագույն խաղս»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է Itftennis-ը։

Տոկիոյում Ջոկովիչը հասել է քառորդ եզրափակիչ եւ այժմ մրցում է ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.