Աշխարհի գավաթ. Հայկ Մ. Մարտիրոսյանն ավարտեց պայքարը

18:31   27 հուլիսի, 2021

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսյանը (2648) չհաղթահարեց 1/8 եզրափակիչի արգելքը՝ թայ–բրեյքում պարտվելով իրանցի Մամին Տաբատաբաեին (2613)։

Արագ խաղի երկրորդ պարտիայում հայ գրոսմայստերը սեւերով պարտություն կրեց 47–րդ քայլում։ Արագ խաղի առաջին պարտիան սպիտակ ֆիգուրներով 49–րդ քայլում ավարտել էր ոչ ոքի։

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչի երկրորդ դասական պարտիայում հայ գրոսմայստերը պարտություն էր կրել։ Առաջին դասական պարտիայում Հայկ Մ. Մարտիրոսյանը սեւերով հասել էր հաղթանակի։

Մամին Տաբատաբաեին քառորդ եզրափակիչում կմրցի Վլադիմիր Ֆեդոսեեւի (2696, Ռուսաստան) հետ, որը թայ–բրեյքում 2։0 հաշվով հաղթեց Վելիմիր Իվիչին (2581, Սերբիա)։

Հիշեցնենք, որ 2016թ. աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մ․ Մարտիրոսյանն առաջին շրջանում հաղթել էր զամբիացի Չիտումբո Մվալիին (2281), երկրորդ շրջանում՝ թուրք Մուստաֆա Յիլմազին (2630), երրորդ շրջանում՝ Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակը 6–րդ համար Շաքրիյար Մամեդյարովին (2770), չորրորդ շրջանում՝ խորվաթ Անտե Բրկիչին (2592)։

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։