17:36 27 հուլիսի, 2021Արդյունքս կարող էր ավելի լավը լինել։ Մի փոքր պայքարելու հատկությունս պակասեց։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից ասաց ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Իզաբելլա Յայլյանն՝ ամփոփելով մրցելույթը Տոկիո-2020-ում։
Ճապոնիայի մայրաքաղաքում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 27-ին տեղի ունեցավ ծանրամարտի կանանց 59 կգ քաշայինների A խմբի մրցաշարը, որտեղ Իզաբելլա Յայլյանը երկամարտի 205 կգ արդյունքով (95+110) զբաղեցրեց 7-րդ տեղը:
«Արդյունքս կարող էր ավելի լավը լինել։ Չեմ տխրում, որ մեդալ չկարողացա նվաճել։ Եղավ այն, ինչ եղավ։ Լարվածություն չունեի: Մի փոքր պայքարելու հատկությունս պակասեց։
Օլիմպիական խաղերից տպավորություններս շատ լավն են։ Ամեն ինչ լավ է կազմակերպված։ Հետաքրքիր է, երբ մեկ վայրում տարբեր մարզաձեւերի տարբեր երկրների ներկայացուցիչներ են ապրում, շատ տիտղոսակիր մարզիկների ես տեսնում եւ ծանոթանում, միայն թե շփումն է խիստ սահմանափակ հասկանալի պատճառներով։
Տոկիո-2020-ում մասնակցությունն ինձ համար մեծ փորձ էր։ Ես զգացի ու հասկացա, որ արդյունքներն այդքան էլ մեծ չեն ու հնարավորություն ունեմ հասնել դրանց։ Եվ կրկին մեծ մրցումային փորձ ձեռք բերեցի, որը կօգնի հետագայում ավելի կատարելագործվել»,-ասաց Իզաբելլա Յայլյանը։
Մեկ տարի որակազրկումից հետո ծանրամարտի Հայաստանի հավաքականը երկու օլիմպիականի իրավունք է ստացել Տոկիո-2020-ում՝ 1 տղամարդ եւ 1 կին:
Տոկիո-2020-ի ծանրամարտի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Ռիո-2016–ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) հանդես կգա օգոստոսի 3-ին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.