14:30 27 հուլիսի, 2021Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում պայքարը սկսեց Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը: 100 մետր ազատ ոճում Հայաստանի չեմպիոնը չորրորդ լողահերթում 49.78 վայրկյան արդյունքով երկրորդն էր: Ընդհանուր հաշվարկում նա զբաղեցրեց 38-րդ տեղը և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեցին 1-16-րդ տեղ գրաված լողորդները: 100 մետր ազատ ոճի մրցմանը մասնակցեցին 70 լողորդներ:
Այս տարվա մարտին Արթուր Բարսեղյանը 100 մետր ազատ ոճում Հայաստանի ռեկորդ էր սահմանել 49.73 վայրկյան արդյունքով:
Հուլիսի 30-ին Արթուր Բարսեղյանն ուժերը կփորձի նաև 50 մետր ազատ ոճում:
Տոկիո-2020-ի լողի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը հուլիսի 28-ին հանդես կգա 100 մետր ազատ ոճում:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Հայաստանի ներկայացուցիչներից հանդես էր եկել նաև ծանրորդ Իզաբելլա Յայլյանը (59 կգ), որը երկամարտի 205 կգ արդյունքով (95+110) զբաղեցրել էր 7-րդ տեղը:

Արթուր Բարսեղյան, լող, 50 եւ 100 մետր ազատ ոճ
Ծնվել է 2002 թվականի մարտի 29-ին Երեւանում:
Անձնական մարզիչ՝ Արմինե Ավետիսյան
Արթուր Բարսեղյանը պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների Հայաստանի բազմակի չեմպիոն է եւ ռեկորդակիր, միջազգային մրցաշարերի հաղթող: Մեծահասակների կազմում առաջին լուրջ փորձը եղել է 2016 թվականի ԱՄԷ աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ սահմանել է անձնական ռեկորդ եւ բարելավել իր արդյունքները, բայց մրցանակային տեղ չի զբաղեցրել:
2017 թվականին Հունգարիայում մասնակցել է Եվրոպական օլիմպիական փառատոնին, որտեղ զբաղեցրել է 6-րդ տեղը: Նույն տարում պատանիների աշխարհի առաջնությունում լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորմատիվ:
2018 թվականին Հելսինկիի միջազգային մրցաշարում նվաճել է պատանիների Օլիմպիական խաղերի վարկանիշ: 2018 թվականին Արգենտինայում անցկացված պատանեկան Օլիմպիական խաղերում 50 մետր ազատ ոճ մրցաձեւում 22.69 արդյունքով զբաղեցրել է 7-րդ տեղը:
2019 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը եւ լրացրել B վարկանիշ: 2019 թվականի Համահայկական խաղերի չեմպիոն է, 2021 թվականի Բուլղարիայի բաց առաջնոթյան չեմպիոն, արծաթե եւ բրոնզե մեդալակիր:
Ամուսնացած չէ:
Տոկիո-2020-ի ուղեգիրը նվաճել է՝ 2019 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում B վարկանիշ լրացնելով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.