Ֆերդինանդ Կարապետյանը՝ Տոկիոյից. Այս ցավալի պարտությունով ոչինչ չի ավարտվում, ամեն ինչ առջեւում է

14:12   27 հուլիսի, 2021

Ցավ ու զայրույթ եմ զգում այսպիսի պարտության համար, բայց սրանով ոչինչ չի ավարտվում: Կանցնենք այս շրջանը եւ կշարունակենք: Ամեն ինչ առջեւում է, եւ ես դեռ կգնամ իմ երազանքի հետեւից, կասեմ իմ խոսքը մեծ սպորտում:

Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից իր պարտությունն Օլիմպիական խաղերում մեկնաբանեց Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը 73 կգ քաշայինների որակավորման փուլում հուլիսի 26-ին պարտվեց ղազախ Ժանսայ Սմագուլովին եւ լքեց պայքարը:

Գոտեմարտի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Ավելացված ժամանակի ոսկե գցումի ընթացքում ղազախ ձյուդոիստը վազարի հնարքով (waza-ari) հաղթեց Ֆերդինանդ Կարապետյանին: Պարտությունից հետո Կարապետյանը չկարողացավ թաքցնել հույզերը տատամիի վրա: Մինչեւ մրցումային օրվա ավարտը նաեւ չէր մեկնաբանում պարտությունը Տոկիո-2020-ում:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի առաջատար ձյուդոիստը մեկ օր անց միայն մեկնաբանեց օլիմպիական տատամիում գոտեմարտի ընթացքում իր հետ տեղի ունեցած անհաջողությունը:

«Ես պատրաստ էի 101 տոկոսով: Այսքան լավ երբեք ինձ չէի զգացել մրցաշարերում: Խոսքեր չունեմ, ուղղակի ցավալի է, որ ամեն ինչ այսպիսի ավարտ ունեցավ: Շատ ցավոտ է, որ այսքան տարի ես չարչարվեցի, տանջվեցի, եկա, հասա Օլիմպիական խաղեր՝ իմ երազանքին ու այսպես պարտվեցի:

Ես պատրաստ էի ոսկե մեդալ նվաճելուն: Եկել էի չեմպիոնական տիտղոսի համար: Պատրաստվել էի եւ պատրաստ էի ոսկե մեդալ նվաճել: Ես դրա համար ունեի բոլոր հնարավորությունները, ամեն ինչ ներդրել էի այդ օրվա ու այդ հաղթանակի համար: Կյանքն այսպես էր նախապատրաստել ու ոչինչ անել այլեւս չես կարող:

Գոտեմարտը շատ լավ անցավ ինձ համար: Հենց մեկնարկից գոտեմարտը վերցրել էի իմ ձեռքը: Ավելացված ժամանակում ինձ համար անակնկալ կերպով ղազախ մրցակիցը 7–րդ րոպեին բռնեց ոտքս եւ միավոր վաստակեց:

Երկու ամիս առաջ ես նրան հաղթել էի Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվոած «Մեծ սաղավարտ» շարքի օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Նա ինձ համար անհաղթահարելի մրցակից չէր:

Այս պահին միայն ցավ, տխրություն, զայրույթ եմ զգում: Ամեն դեպքում, սա սպորտ է: Պետք է հաղթահարել այս շրջանը եւ անցնել առաջ: Կանգ չեմ առնում, ոչինչ այս պարտությամբ չի ավարտվում եւ չի որոշվում իմ մարզական կարիերայում: Ամեն ինչ դեռ առջեւում է: Կշարունակեմ գնալ իմ երազանքի հետեւից: Ես դեռ կասեմ իմ խոսքը մեծ սպորտում»,- ասաց Ֆերդինանդ Կարապետյանը:

Ֆերդինանդ Կարապետյան, ձյուդո, 73 կգ քաշային կարգ

Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 19-ին Վարդենիսում: 6 տարեկանից բնակվում է Վլադիկավկազում: Ամուսնացած է։

Անձնական մարզիչներն են Վլադիկավկազում՝ Մուրադ Գասիբը, Աիլարով Իրբեկը, Հայաստանում՝ Թաթուլ Հովհաննիսյանը:

Ֆերդինանդ Կարապետյանը մինչեւ 2015 թվականը հանդես է եկել ձյուդոյի Ռուսաստանի հավաքականի կազմում 66 կգ քաշային կարգում: 2013 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր է, 2014 թվականի Ռուսաստանի փոխչեմպիոն:  2015-2016 թվականներին փոխել է մարզական քաղաքացիությունը: 2016 թվականից հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում 73 կգ քաշային կարգում:  

Հայաստանի եռակի չեմպիոն է, Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր, 2017 թ. European Judo Open միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր, համառուսաստանյան 7-րդ բաց առաջնության արծաթե մեդալակիր, 2018 թ. «Մեծ Սաղավարտ» օլիմպիական վարկանիշային մրցաշարի բրոնզե մեդալակիր:

2018 թվականի ապրիլին Իսրայելում  տեղի ունեցած Եվրոպայի առաջնության 73 կգ քաշային կարգում եզրափակիչում հաղթել է ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովին եւ նվաճել ոսկե մեդալ՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:

2020 թվականի Թել Ավիվի Գրան պրի մրցաշարի արծաթե մեդալակիր է, 2021 թվականի Տաշկենտի «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարի բրոնզե մեդալակիր:

Ֆերդինանդ Կարապետյանը հանդես է գալիս նաեւ ակումբային առաջնություններում: 2020 թվականին «Համբուրգի» կազմում դարձել է Գերմանիայի ակումբային չեմպիոն:

Տոկիո-2020 օլիմպիական ուղեգիրը նվաճել է վարկանիշային միավորներով՝ ընդգրկվելով համաշխարհային վարկանիշային աղյուսակի լավագույն ձյուդոիստների ցուցակում:  

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.