Տոկիո-2020. Իզաբելլա Յայլյանը 4-րդն է պոկում վարժությունից հետո (ֆոտո)

11:45   27 հուլիսի, 2021

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում մեկնարկել է ծանրամարտի կանանց 59 կգ քաշայինների A խմբի մրցաշարը: Այս քաշային կարգում պայքարը սկսեց Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը: Պոկում վարժության առաջին մոտեցմամբ Յայլյանը հաջողությամբ կատարեց 90 կգ պատվերը: Երկրորդ մոտեցմամբ վստահ պոկեց 95 կգ ծանրաձողը: Երրորդ մոտեցման համար Հայաստանի հավաքականի մարզիչները պատվիրեցին 97 կգ, որը Յայլյանին չհաջողվեց պոկել: Պոկում վարժությունից հետո 26-ամյա մարզուհին 9 մասնակիցների մեջ 4-րդն է 95 կգ արդյունքով:

Այս վարժության առաջատարը Չինական Տայպեյի ներկայացուցիչ Սին Չուն Կուոն է, որը պոկում վարժության օլիմպիական ռեկորդ սահմանեց 103 կգ-ով:

Հրում վարժության առաջին մոտեցման համար Իզաբելլա Յայլյանը պատվիրել է 110 կգ:

Իզաբելլա Յայլյան, ծանրամարտ, 59 կգ քաշային կարգ

Ծնվել է 1995 թվականի հունվարի 4-ին Երեւանում:

Անձնական մարզիչ՝ Հրանտ Տոնոյան:

Իզաբելլա Յայլյանը  2009 եւ 2010 թվականների պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն է, 2011-2012 թվականների պատանիների Եվրոպայի չեմպիոն, 2013 թվականի երիտասարների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2014 եւ 2015 թվականների մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն,  2017 թվականի Ալբանիայում տեղի ունեցած մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի բրոնզե մեդալակիր:

Իզաբելլա Յայլյանը 2018-ին դարձել է Հայաստանի մեծահասկաների չեմպիոն, 2019 թվականին Բաթումում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ՝ երկամարտում զբաղեցրելով 5-րդ տեղը: 2021 թվականի Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առջնության պոկում վարժության փոխչեմպիոն է, երկամարտի արդյունքով 4-րդը:

Ամուսնացած չէ։

Մեկ տարի որակազրկումից հետո ծանրամարտի Հայաստանի հավաքականը երկու օլիմպիականի իրավունք է ստացել Տոկիո-2020-ում՝ 1 տղամարդ եւ 1 կին: Իզաբելլա Յայլյանի ուղեգիրը հաստատվել է հունիսի 11-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։