19:09 26 հուլիսի, 2021Ֆերդինանդ Կարապետյանը շատ լավ մարզավիճակում էր եւ պատրաստ հաղթանակի: Ոսկե գցումի ժամանակ մի վայրկյան պահը բաց թողեց, ինչը ճակատագրական եղավ նրա ու մեր՝ բոլորիս համար: Ցավալի է:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանի հետ զրույցում Տոկիոյից ասաց ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը՝ մեկնաբանելով 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի (73 կգ) պարտությունը Տոկիո-2020-ում: Հուլիսի 26-ին նա որակավորման փուլում պարտվեց ղազախ Ժանսայ Սմագուլովին եւ լքեց պայքարը:
«Երեւի մեկնաբանելու ոչինչ չկա: Ֆերդինանդ Կարապետյանը լիարժեք պատրաստ էր ու եկել էր օլիմպիական չեմպիոնի տիտղոսի հետեւից:
Ոսկե գցումի ժամանակ պահը բաց թողեց եւ ղազախ ձյուդոիստը գցում կատարեց: Այդ մի վայրկյանը այսքան տարիների աշխատանքը ջուրը գցեց: Այնպես չէր, որ մրցակիցը ուժեղ էր, Ֆերդինանդը ուներ բոլոր հնարավորությունները հաղթանակով ավարտել գոտեմարտը:
Սա մեր մարզաձեւի նրբություններից մեկն է՝ մեկ վայրկյան թուլանում ես, պահը բաց ես թողնում, դիմացինդ օգտվում է դրանից եւ գցում կատարում: Այդ մի վայրկյանում կորցնում ես ամեն ինչ, երկար տարիների ամբողջ աշխատանքդ, չարչարանքդ, երազանքներդ ջուրն են ընկնում:
Ֆերդինանդն այժմ շատ վատ հոգեբանական վիճակում է: Նա երկար ու դժվար ճանապարհ էր անցել այստեղ հասնելու համար ու այսպիսի ավարտ ունեցանք: Նա շատ էր սպասում այս օրվան եւ ամեն ինչ ներդրել էր Օլիմպիական խաղերում հաղթելու համար:
Ինքս անցել եմ այս ճանապարհով եւ լիարժեք հասկանում եմ Ֆերդինանդի հույզերն ու ապրումներն այս պահին: Ինքս էլ նույն վիճակում եմ, որովհետեւ ինչպես Ֆերդինանդը, այնպես էլ ես հավատում էի նրա հաղթանակին, նրա հնարավորություններին: Ամեն դեպքում սա սպորտ է, եւ սպորտում ամեն ինչ հնարավոր է»,- ասաց Հովհաննես Դավթյանը:
Ֆերդինանդ Կարապետյան, ձյուդո, 73 կգ քաշային կարգ
Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 19-ին Վարդենիսում: 6 տարեկանից բնակվում է Վլադիկավկազում: Ամուսնացած է։
Անձնական մարզիչներն են Վլադիկավկազում՝ Մուրադ Գասիբը, Աիլարով Իրբեկը, Հայաստանում՝ Թաթուլ Հովհաննիսյանը:
Ֆերդինանդ Կարապետյանը մինչեւ 2015 թվականը հանդես է եկել ձյուդոյի Ռուսաստանի հավաքականի կազմում 66 կգ քաշային կարգում: 2013 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր է, 2014 թվականի Ռուսաստանի փոխչեմպիոն: 2015-2016 թվականներին փոխել է մարզական քաղաքացիությունը: 2016 թվականից հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում 73 կգ քաշային կարգում:
Հայաստանի եռակի չեմպիոն է, Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր, 2017 թ. European Judo Open միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր, համառուսաստանյան 7-րդ բաց առաջնության արծաթե մեդալակիր, 2018 թ. «Մեծ Սաղավարտ» օլիմպիական վարկանիշային մրցաշարի բրոնզե մեդալակիր:
2018 թվականի ապրիլին Իսրայելում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության 73 կգ քաշային կարգում եզրափակիչում հաղթել է ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովին եւ նվաճել ոսկե մեդալ՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:
2020 թվականի Թել Ավիվի Գրան պրի մրցաշարի արծաթե մեդալակիր է, 2021 թվականի Տաշկենտի «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարի բրոնզե մեդալակիր:
Ֆերդինանդ Կարապետյանը հանդես է գալիս նաեւ ակումբային առաջնություններում: 2020 թվականին «Համբուրգի» կազմում դարձել է Գերմանիայի ակումբային չեմպիոն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.