Տոկիո-2020. Կորյուն Սողոմոնյանը լքեց պայքարը (ֆոտո)

12:29   26 հուլիսի, 2021

Հայաստանի ներկայացուցիչ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) պարտությամբ մեկնարկեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում և լքեց պայքարը:

1/16 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը ժամանակից շուտ պարտվեց Մեծ Բրիտանիան ներկայացնող 28-ամյա Ջալալ Յաֆային: Մենամարտն ավարտվեց երրորդ ռաունդում: 

Առաջին ու երկրորդ ռաունդներում ռինգի մրցավարը մեկական անգամ հաշիվ բացեց Կորյուն Սողոմոնյանի բաց թողած հարվածներից հետո: Երրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը դարձյալ բաց թողեց ծանր հարված, ինչից հետո մրցավարը հաշիվ բացեց և որոշեց դադարեցնել մենամարտը:

1/8 եզրափակիչում Ջալալ Յաֆայի մրցակիցը հուլիսի 31-ին կլինի զամբիացի Պատրիկ Չինյեմբան:

Կորյուն Սողոմոնյանը և Ջալալ Յաֆայը հանդիպել էին նաև Փարիզում տեղի ունեցած օլիմպիական վարկանիշային մրցաշարում, որտեղ դարձյալ հաղթել էր բրիտանացի բռնցքամարտիկը:

Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ, 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 եւ 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63 կգ) հուլիսի 25-ին մեկնարկային գոտեմարտում վստահ հաղթանակ էր տարել Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ և դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 31-ին կմրցի ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ:

Արման Դարչինյանը (75 կգ) հուլիսի 29-ին պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի սլովակ Անդրեյ Շեմեզի հետ։

Կորյուն Սողոմոնյան, բռնցքամարտ, 52 կգ քաշային կարգ

Ծնվել է 1993 թվականի մայիսի 16-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում:

Անձնական մարզիչը հայրն է՝ Սամվել Սողոմոնյանը:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: 

Կորյուն Սողոմոնյանը բռնցքամարտով զբաղվում է 8 տարեկանից: Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2009 թվականին Երեւանում անցկացված պատանիների աշխարհի առաջնությունում դարձել է չեմպիոն, 2010 թվականին Բաքվում մասնակցել է պատանիների աշխարհի առաջնությանը, բայց չի հաջողվել պահպանել չեմպիոնի տիտղոսը: 

2011 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2012 թվականի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների չեմպիոն: 2015 թվականի մեծահասկաների Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը:

2017-ից թվականից երկու տարի Կորյուն Սողոմոնյանի մարզական կարիերայում դադար է եղել: Վերադարձել է 2019 թվականին եւ նույն տարում դարձել ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ Երեւանում դեկտեմբերի 13-18-ը անցկացված «Կաշվե ձեռնոց» բռնցքամարտի ընտրական մրցաշարի հաղթող:

Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2020 թվականի մարտի 16-ին Լոնդոնում մեկնարկած ու կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցված օլիմպիական վարկանիշային մրցաշարում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.