08:11 26 հուլիսի, 2021Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) պարտություն է կրել մեկնարկային գոտեմարտում:
2018թ. Եվրոպայի չեմպիոնը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ պարտվել է ղազախ Ժանսայ Սմագուլովին: Ղազախ ձյուդոիստը հաջորդ գոտեմարտում պարտվել է կանադացի Արթուր Մարգելիդոնին:
Ֆերդինանդ Կարապետյան, ձյուդո, 73 կգ քաշային կարգ
Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 19-ին Վարդենիսում: 6 տարեկանից բնակվում է Վլադիկավկազում: Ամուսնացած է։
Անձնական մարզիչներն են Վլադիկավկազում՝ Մուրադ Գասիբը, Աիլարով Իրբեկը, Հայաստանում՝ Թաթուլ Հովհաննիսյանը:
Ֆերդինանդ Կարապետյանը մինչեւ 2015 թվականը հանդես է եկել ձյուդոյի Ռուսաստանի հավաքականի կազմում 66 կգ քաշային կարգում: 2013 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր է, 2014 թվականի Ռուսաստանի փոխչեմպիոն: 2015-2016 թվականներին փոխել է մարզական քաղաքացիությունը: 2016 թվականից հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում 73 կգ քաշային կարգում:
Հայաստանի եռակի չեմպիոն է, Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր, 2017 թ. European Judo Open միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր, համառուսաստանյան 7-րդ բաց առաջնության արծաթե մեդալակիր, 2018 թ. «Մեծ Սաղավարտ» օլիմպիական վարկանիշային մրցաշարի բրոնզե մեդալակիր:
2018 թվականի ապրիլին Իսրայելում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության 73 կգ քաշային կարգում եզրափակիչում հաղթել է ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովին եւ նվաճել ոսկե մեդալ՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:
2020 թվականի Թել Ավիվի Գրան պրի մրցաշարի արծաթե մեդալակիր է, 2021 թվականի Տաշկենտի «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարի բրոնզե մեդալակիր:
Ֆերդինանդ Կարապետյանը հանդես է գալիս նաեւ ակումբային առաջնություններում: 2020 թվականին «Համբուրգի» կազմում դարձել է Գերմանիայի ակումբային չեմպիոն:
Տոկիո-2020 օլիմպիական ուղեգիրը նվաճել է վարկանիշային միավորներով՝ ընդգրկվելով համաշխարհային վարկանիշային աղյուսակի լավագույն ձյուդոիստների ցուցակում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.