Արթուր Դավթյանը՝ Տոկիոյից. Այս Օլիմպիական խաղերը շատ են տարբերվում նախորդներից (ֆոտո)

13:45   23 հուլիսի, 2021

Այս Օլիմպիական խաղերը շատ են տարբերվում նախորդներից: Մթնոլորտը wow չէ: Ռիոյում, օրինակ, ավելի աշխույժ էր: Այս ամենը, կարծում եմ, պայմանավորված է կորոնավիրուսով եւ որոշակի սահմանափակումներով: Ինչպես նախորդ երկու Խաղերում, այս անգամ էլ բացման արարողությանը չեմ մասնակցի, քանի որ վաղ առավոտյան մեր մրցումներն են:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից ասաց սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր, Տոկիո-2020-ում Հայաստանի միակ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:

Հուլիսի 23-ին՝ Երեւանի ժամակակով 15:00-ին, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի Օլիմպիական ստադիոնում կմեկնարկի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը: Հայաստանի պատվիրակության դրոշակակիրները կլինեն Եվրոպայի կրկնակի չեմպիոն, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը:

Հայաստանի օլիմպիականներն այս պահին արդեն ուղեւորվում են Օլիմպիական ստադիոն: Նրանց շարքերում չէ միայն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Եվրոպայի չեմպիոնը պատրաստվում է վաղվա մրցելույթին:

«Այս Օլիմպիական խաղերը տարբերվում են նախորդներից: Մթնոլորն այստեղ wow չէ: Ռիոյում օրինակ, ավելի աշխույժ էր: Ինձ թվում է՝ այս ամենը կորոնավիրուսով է պայմանավորված: Շատ սահմանափակումներ կան, մարդիկ չեն կարողանում ազատ շփվել, ինչ-որ բանով զբաղվել ավանում, ամեն ինչ խիստ վերահսկվում է: Բացման արարողությունը քիչ անց կմեկնարկի, բայց ես այս անգամ էլ չեմ մասնակցելու: Չեմ մասնակցել նաեւ Լոնդոն-2012, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բացման արարողություններին: Ամեն անգամ իմ բախտը չի բերում, քանի որ անմիջապես հաջորդ առավոտյան մեր մրցումներն են սկսվում, եւ ես պետք է պատրաստվեմ իմ մրցելույթին: Ամեն անգամ ուզում եմ մասնակցել բացմանը, բայց չի ստացվում: Այս տարի այնպիսի սահմանափակումներ կան, որ, երեւի, ավելի լավ է չմասնակցել:

Այստեղ լավ մարզումներ ենք ունենում: Արդեն անցկացրել ենք գլխավոր փորձը մրցման դահլիճում: Փորձարկել ենք գործիքները: Ամեն ինչ հաջող ստացվեց, կարողացա անել այն ամենը, ինչ պետք է անեմ մրցմանը: Աստիճանաբար հարմարվում եմ Տոկիոյի ժամային գոտուն: Նշեմ, որ գլխավոր փորձին մասնակցելիս դեռ այդքան էլ չէի հարմարվել ժամային գոտուն, բայց կարողացա անել իմ վարժությունները: Հիմա արդեն հարմարվում եմ եւ ինձ լավ եմ զգում այստեղ: Արդեն ստացել եմ համազգեստս, որով պետք է մասնակցեմ մրցմանը»,- ասաց Արթուր Դավթյանը:

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց որակավորման փուլը կմեկնարկի հուլիսի 24-ին՝ Երեւանի ժամանակով 06:00-ից: Արթուր Դավթյանը կմասնակցի երկրորդ մրցահերթում՝ ժամը 9:30-ին:

Եվրոպայի եւ Եվրոպական խաղերի չեմպիոնին մրցահարթակում կօգնի Հայաստանի հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը: Հակոբ Սերոբյանը մրցավարական կազմում սպասարկելու է Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարը:

Որակավորման փուլը հաղթահարելու դեպքում Արթուր Դավթյանը հանդես կգա իր հիմնական մրցաձեւի՝ հենացատկի վարժության եզրափակիչում, ինչպես նաեւ նժույգ թափերի վարժությունում: Արթուր Դավթյանը Տոկիո-2020-ում մեդալ նվաճելու իրական հավակնորդներից մեկն է Հայաստանի թիմի կազմում:

Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժությունում հռչակվեց չեմպիոն եւ անմոռուկով կանգնեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։