Իտալիա - Իսպանիա. Մարզչական ամփոփում

12:10   7 հուլիսի, 2021

Ֆուտբոլի Իտալիայի և Իսպանիայի հավաքականների գլխավոր մարզիչներն ամփոփել են Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպումը: Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում իտալացիները հաղթել էին հետխաղյա 11 մետրանոցներով և դուրս եկել եզրափակիչ: Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով:

Ռոբերտո Մանչինի (Իտալիա). «Ուրախ ենք, որ կարողացանք այսպիսի ուրախություն պարգևել իտալացիներին: Ունենք ևս մեկ հանդիպում, և ցանկանում ենք անել հնարավոր ամեն բան: Գիտեինք, որ ստացվելու է շատ ծանր հանդիպում, քանի որ գնդակի վերահսկման առումով Իսպանիան լավագույնն է: Նրանք խնդիրներ առաջացրին մեզ համար: Փորձում էինք գոլ խփել կամ գոլային պահ ստեղծել, երբ ունենում էինք այդպիսի հնարավորություն:

Ստացվեց շատ բաց հանդիպում: Ցանկանում էինք դուրս գալ եզրափակիչ, և ձգտում էինք անել դա մինչև վերջին վայրկյանը: Հետխաղյա 11 մետրանոցները վիճակախաղ է: Իրոք, խոնարհվում եմ Իսպանիայի հավաքականի առջև, դա հրաշալի թիմ է»:

Լուիս Էնրիկե (Իսպանիա). «Եթե ցանկանայի գնահատել իմ խաղացողների խաղը, ապա կասեի, որ նրանք արժանի են գերազանց գնահատականի: Կարծում եմ՝ նրանք հրաշալի էին: Միայն կարող եմ գովեստի խոսքեր ասել նրանց հասցեին: Հիմա պետք է հանգստանանք:

Այս խաղում մեզ չբավականացրեց գոլային պահերի իրացումը, ունենցանք հրաշալի հնարավորություններ: Խաղացողները շատ լավ կատարեցին մեր առաջադրանքները: Պրոֆեսիոնալ սպորտում հարկավոր է սովորել հաղթել ու պարտվել արժանավայել կերպով: Այդ պատճառով ցանկանում եմ շնորհավորել Իտալիային: Իսկ մենք կվերադառնան Իսպանիա՝ գիտակցելով, որ մրցաշարի լավագույն թիմերից էինք: Ցանկանում եմ այսպիսի ուժեղ թիմով մեկնել նաև աշխարհի առաջնությանը, սակայն ով գիտի՝ ինչ կլինի ապագայում»,- փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 7-ին «Ուեմբլիում» կվիճարկեն Անգլիայի և Դանիայի հավաքականները:

Իտալիայի հավաքականի՝ 2018 թվականից սկսված անպարտելի շարքը հասավ 33 հանդիպման: Այդ ցուցնաիշով ռեկորդակիր են Բրազիլիայի ու Իսպանիայի հավաքականները, որոնք չեն պարտվել 35 խաղ անընդմեջ: Բրազիլացիները ռեկորդային շարքը գրանցել են 1993-1996թթ., իսկ իսպանացիները՝ 2007-2009թթ.:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.