Լյովա Գեւորգյան․ Երբ տեսա գլխիկոր կանգնած ադրբեջանցուն, հասկացա, որ խնդիրը կատարել եմ (ֆոտո)

01:28   2 հուլիսի, 2021

Պարգեւատրման արարողության ժամանակ, երբ գլուխս բարձրացրի ու տեսա դրոշների դասավորությունը, ապա ներքեւի հարթակում գլխիկոր կանգնած ադրբեջանցուն, հասկացա, որ իմ առջեւ դրված խնդիրը կատարել եմ ու հանգստացա: Եզրափակիչ գոտեմարտի հաղթանակս ու վերջում արված ժեստս մեր հերոսներինն էր, ժողովրդինս ու հայրենիքինս:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի նորընծա չեմպիոն Լյովա Գեւորգյանը:

 19-ամյա բանակայինը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 125 կգ քաշայինների երզափակիչում 11:0 հաշվով հաղթել էԱդրբեջանը ներկայացնող ըմբիշին եւ նվաճել ոսկե մեդալ:

Եզրափակիչում տպավորիչ հաղթանակից հետո ներկայումս հայոց բանակում զինծառայություն անցնող Լյովա Գեւորգյանը զինվորական ժեստ ցույց տվեց, որը բուռն արձագանք ստացավ սոցցանցերում:  

Լյովա, շնորհավորում եմ երիատասարդների Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ: Սպասվա՞ծ էր:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Հաղթանակները հեշտությամբ չեն տրվում: Սա իմ եւ մարզիչիս այսքան տարիների քրտնաջան աշխատանքն էր: Վստահ գնացել էի ոսկու հետեւից: Նախքան գնալս գիտեի, որ հաղթելու եմ. այլընտրանք չէր կարող լինել։

Ոսկե մեդալի ճանապարհին ո՞ր հաղթանակդ առավել բարդ տրվեց: Ո՞ր գոտեմարտը կառանձնացնես քեզ համար:

Անցկացրել եմ 4 բարդ գոտեմարտ: Բոլորն էլ բարդ էին: Իհարկե, ինձ համար ամենակարեւորը Ադրբեջանը ներկայացնող ըմբիշի հետ եզրափակիչ գոտեմարտն էր: Չէ՞ որ դուրս էինք եկել միմյանց դեմ առանց զենքի. ամբողջ ազգս սպասում էր հաղթանակիս....

Ի՞նչ մտքերով էիր դուրս եկել գորգ այդ գոտեմարտում:

Ես մի փոքր վրեժ ունեի իմ մեջ:  Ցավ կա ներսումս իմ զոհված զինվոր եղբայրների համար, որոնք ընկան մարտում: Իրենք սահմանին կռվեցին, իսկ ես՝ օտար երկրում եւ մրցակցային գորգի վրա պետք է իմ կռիվն անեի։ Պիտի հաղթեի ու ոչ մի միավոր չտայի նրան: Հենց այդ նպատակով էի գորգ բարձրացել:

Հաղթանակդ տոնեցիր զինվորական ժեստով: Ի՞նչ խորհուրդ ուներ:

Զինվորական ժեստս խորհրդանշում էր՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը: Կարեւոր ու վճռորոշ առաջադրանք էր դրված իմ առջեւ: Կատարեցի պատվով։ Իմ երկրի դրոշը  թշնամուս դրոշից բարձր պետք է լիներ ու վերջ։

Ես զինվոր եմ ոչ միայն մարտի դաշտում, այլ նաեւ գորգի վրա։ Զինվորական ժեստը մեր հերոսներինն էր, ժողովրդինն ու հայրենիքինս։

Պարգեւատրման արարողության ժամանակ ի՞նչ զգացողություններ էին քեզ պատում: Որպես զինվոր որքանո՞վ ես կարեւորում այսպիսի հաղթանակները պատերազմից հետո:

Պարգեւատրման արարողության ժամանակ, մեդալս ստանալուց հետո, երբ հիմնը հնչեց Հայաստանի պատվին, գլուխս վեր բարձրացրի, դիմացս դրոշներն էին՝ դասավարված ըստ հերթականության:  Հենց այդ ժամանակ հասկացա, որ իմ խնդիրը կատարված էր ու հանգստացա. ծանր բեռ ընկավ ուսերիցս: Հայրենիքիս դրոշը ամենաբարձրն էր, թշնամիս կողքիս, ներքեւի հարթակում, գլխիկոր կանգնած։

Ո՞րն է մեծ երազանքդ մեծ սպորտում:

Ըմբշամարտով զբաղվում եմ 13 տարի: Առաջին լուրջ հաղթանակս 2019 թվականի Եվրոպայի պատանիների առաջնությունն էր, որտեղ դարձա ոսկե մեդալակիր: Նախորդ երկու առաջնություններում ձախողել էի: Նույն թվականին նաեւ պատանիների աշխարհի առաջնությանն եմ մասնակցել՝ զբաղեցնելով 3-֊րդ տեղը։
Սպորտի մեջ ունեմ մի կարգախոս՝ գնալ առաջ, առանց կանգնելու: Կապ չունի՝ ծառայում եմ, թե ոչ, պետք է մարզվեմ, պետք է քայլեմ դեպի օլմպիական ոսկին։

Լուսինե Շահբազյան

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։