ՈւԵՖԱ–ն թույլատրել է «Յուվենտուսին» մասնակցել Չեմպիոնների լիգային

20:46   1 հուլիսի, 2021

ՈւԵՖԱ–ն Թուրինի «Յուվենտուսին» նամակով հայտնել է, որ չի արգելվի իտալական թիմի մասնակցությունը Չեմպիոնների լիգային։ Այդ մասին պատմել է «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անիելին։

«Մենք ստացանք նամակ, որով մեզ ընդունեցին Չեմպիոնների լիգա։ Ես հաստատում եմ, որ մենք ցանկանում ենք երկխոսություն ունենալ եվրոպական ֆուտբոլի բարելավման ուղղությամբ եւ չենք վախենում սպառնալիքներից։ Մենք վստահ ենք մեր իրավական գործողություններում»,– Անիելիի խոսքը մեջբերում է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը։ 

Ավելի վաղ Շվեյցարիայի Արդարադատության նախարարությունը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) եւ Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությանը (ՈւԵՖԱ) պաշտոնապես ծանուցել էր, որ այդ կազմակերպություններն իրավունք չունեն պատժամիջոցներ կիրառել Եվրոպական Սուպերլիգայից դուրս չեկած ակումբների դեմ։

Սուպերլիգայի 12 հիմնադիր ակումբներից («Միլան», «Ինտեր», «Յուվենտուս»,  «Բարսելոնա», «Ռեալ», «Աթլետիկո», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Տոտենհեմ», «Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ») 9–ը ազգային ֆեդերացիաների, ակումբների երկրպագուների եւ ՖԻՖԱ–ի ու ՈւԵՖԱ–ի ճնշման տակ հրաժարվեցին նախագծից։

ՈւԵՖԱ-ն 9 ակումբներին պատժել է 15 միլիոն եվրո բարեգործական վճարով եւ եվրագավաթային մրցաշարերի պարգևավճարից 5 տոկոսի վերադարձով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։