Էդուարդ Սահակյան. Բոլոր օլիմպիականները պատրաստ են մեդալային պայքարին

12:10   28 հունիսի, 2021

Բոլոր՝ չորս օլիմպիականներն էլ պատրաստ են մեդալային պայքարին: Հավատում եմ նրանց 100 տոկոսով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Կարեն Ասլանյանն (67 կգ) ու Արմեն Մելիքյանը (60 կգ) շարունակում են Խաղերի նախապատրաստական փուլը: Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ օլիմպիականները Հայաստանի հավաքականի հետ միասին հերթական ուսումնամարզական հավաքն են անցնում Երեւանի «Օլիմպավանում»՝ Օլիմպիական խաղերին ընդառաջ: Օրեր անց ըմբիշները հիմնական ծանրաբեռնված հավաքը կանցկացնեն Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում: Դա կլինի օլիմպիականների նախավերջին հավաքը Տոկիո մեկնելուց առաջ:

NEWS.am Sport-ի թղթակիցը հետեւել է երեւանյան հավաքի մարզումային օրերից մեկին:

Տոկիո-2020-ում Հայաստանը ներկայացնող ըմբիշներն անցկացնում են օրական երկու մարզում: Օլիմպիական թիմին օգնում են Հայաստանի հավաքականի բոլոր անդամները: Oլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ սպարինգ գոտեմարտեր անցկացնելու նպատակով Հայաստան է հրավիրվել Ուկրաինայի հավաքականի անդամ, 97 կգ քաշային Անդրեյ Դիկտարյովը: Նա Արթուր Ալեքսանյանին կօգնի մինչեւ Օլիմպիական խաղեր:

Հայաստանի օլիմպիական թիմի հետ Երեւանի հավաքին մասնակցում է նաեւ Բրազիլիան ներկայացնող Էդգար Սողոմոնյանը: Էդուարդ Սահակյանի նախկին սանը հանդես է գալիս 130 կգ քաշային կարգում եւ Բրազիլիայի հավաքականի կազմում նվաճել է Տոկիո-2020-ի ուղեգիր:

Պարոն Սահակյան, ինչպե՞ս է ընթանում Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլը:

Ըստ ծրագրվածի, անցնում ենք հերթական հավաքը: Բուռն մարզումային փուլում ենք: Երեւանի հավաքից առաջ 14-օրյա հավաք ունեցանք Ղրիմում: Այդ հավաքն ուներ վերականգնողական նպատակ: Աշխատեցինք ընդհանուր ֆունկցիոնալ պատրաստվածության վրա: Հաջորդ փուլը Երեւանի հավաքն էր, որտեղ եւս արագաուժային, ֆիզիկական պատրաստվածության վրա ենք աշխատել, ակտիվացրել գորգային մարզումները: Դեռ ծանրաբեռված գորգային մարզումների փուլին չենք հասել: Հուլիսի 2-ից Կիեւում կանցկացնենք հավաք, որը կտեւի մինչեւ հուլիսի 14-ը: Այստեղ արդեն հիմնական շեշտադրությունը դրված կլինի գորգային աշխատանքի, տեխնիկայի եւ տակտիկայի վրա: Վերջին հավաքը, հավանաբար, տեղի կունենա Երեւանում կամ գուցե Գյումրիում: Վայրը դեռ վերջնական որոշված չէ, բայց Տոկիո մեկնելուց առաջ եւս մեկ հավաք կունենանք, վերջին շտկումները կանենք եւ պատշաճ կերպով կմոտենանք Օլիմպիական խաղերին:

Օլիմպիական խաղերին մեկ ամսից քիչ է մնացել: Տղաների ընդհանուր տրամադրվածությունը, ֆիզիկական վիճակն ինչպե՞ս կգնահատեք:

Հոգեբանական առումով տղաների տրամադրվածությունը բավական բարձր է: Թիմի ոգին բարձր է: Պատահական չէր, որ օրինակ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում եղան կամային հաղթանակներ: Սա խոսում է ընդհանուր թիմի տրամադրվածության, բարձր ոգու մասին: Մեծ ուշադրություն ենք դարձնում տղաների հոգեբանական պատրաստվածության վրա: Բոլորս էլ հասկանում ենք, որ Օլիմպիական խաղերում հեշտ չի լինելու եւ աշխատում ենք նաեւ այդ ուղղությամբ, որ նրանց կամային ոգին եւս բարձր լինի: Ամեն մի հաղթանակ լինելու է ոչ միայն զուտ հաղթանակ, այլ նաեւ կամային, որը շատ կարեւոր է մեդալների ճանապարհին:

Եթե առանձին վերլուծենք, ներկայումս ո՞վ, ի՞նչ մարզավիճակ ունի եւ հոգեբանորեն որքանո՞վ է պատրաստ օլիմպիական մրցապայքարին:

Այս փուլում բոլորն էլ այն վիճակում են, որ դեռ մարզավիճակի գագաթնակետում չեն: Ըստ փուլերի ենք գալիս այդ գագաթնակետին: Այս պահին մեզ պետք չէ, որ նրանք ունենան լիարժեք մարզավիճակ: Այս պահին հատուկ մասնագիտական տարրերի վրա են աշխատում: Կիեւում արդեն ամբողջական կենտրոնանալու ենք գորգային աշխատանքի վրա: Այժմ այդ տարրերն ենք բերում լիարժեք վիճակի, որպեսզի Կիեւում դրանց վրա ժամանակ չծախսենք:

Ինչ վերաբերում է առանձին տղաների տրամադրվածությանն ու աշխատանքին, Արմեն Մելիքյանը շատ պարտաճանաչ աշխատում է, իր առաջադրանքները լրիվ կատարում է: Շատ մեծ ոգեւորությամբ է աշխատում: Ինձ թվում է՝ մեդալի համար անպայման համառ պայքար կտանի:

Կարեն Ասլանյանը վնասվածքից հետո լիարժեք վերականգնվել է եւ մտել մարզումային փուլի մեջ: Օրեցօր ավելացնում է եւ ավելի հզորանում: Ուզում եմ նշել, որ Կարեն Ասլանյանը շատ է փոխվել որպես մարզիկ: Նա բարձրակարգ մարզիկ է եւ ունի բոլոր հնարավորությունները մեդալային պայքարի համար: Նրան փոխել է օլիմպիական ուղեգիրը, տարիքային առումով արդեն կարողանում է գորգում կառավարել իր էմոցիաները, գոտեմարտերն ավելի գրագետ է կառուցում: Նրա մոտ աճն ակնհայտ է, եւ ամեն ինչ լավ գնում է առաջ: Ուկրաինայի մրցաշարից առաջ Կարենը կողն էր վնասել, ինչը թույլ չէր տալիս, որ լիարժեք մարզվել: Այժմ արդեն վերակագնվել է, եւ ոչինչ նրան չի խանգարում մարզմանը: Սոֆիայում վստահ արեց վարկանիշ եւ ցույց տվեց իր բարձր կարգը:

Կարապետ Չալյանը մի հետաքրքրիր մարզիկ է: Շատ աշխատասեր է, կիրթ եւ գիտի՝ ինչ պետք է անել, ինչպես անել: Լիարժեք իրեն նվիրել է գորգին եւ կոնկրետ նպատակով աշխատում է՝ առանց ջանք խնայելու: Իր առջեւ դրված բոլոր խնդիրներն ու առաջադրանքները կատարում է բարձր մակարդակով:

Արթուր Ալեքսանյանի մասին թերեւս ավելորդ է խոսել: Նա երբեք որեւէ մարզում բաց չի թողնում: Նա ունի ոսկե տրամադրվածություն: Մարզումներին գալիս է միշտ բարձր տրամադրությամբ, խոսակցական լեզվով ասած՝ հավեսով: Նա օրինակ է ծառայում բոլորին եւ իր հետ միասին թիմի ոգին բարձր պահում, տրամադրությունը՝ եւս:

Պարոն Սահակյան, Տոկիո-2020-ը Ձեր առաջին Օլիմպիական խաղերն է գլխավոր մարզիչի կարգավիճակում: Անհանգստություն, մտահոգություն ունե՞ք:

Անհանգստություն չունեմ: Թերեւս ավելի շատ պարտավորություն, պատասխանատվություն եմ զգում, որ լավ մասնակցենք, մեդալներ նվաճենք: Հաղթանակները մեզ պետք են, դրանք եւ պատասխանատվություն են եւ պարտավորություն, ամեն ինչ: Շատ բաներ կան, որ մեզ պարտավորեցնում են մեդալներով վերադառնալ յուրաքանչյուր մրցաշարից: Մեզ պարտավորեցնում է մեր աշխատանքը, քրտինքը, տղաների տանջանքն ու մեծ ցանկությունը Հայաստանին հաղթանակներ նվիրել:

Հավատո՞ւմ եք տղաներին:

Հավատում եմ բոլորին 100 տոկոսով:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.