Եվրո-2020․ Չեխերը պայքարից դուրս թողեցին Նիդերլանդներին (ֆոտո, վիդեո)

21:54   27 հունիսի, 2021

Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Նիդերլանդների հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մրցեց չեխերի հետ եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։

Առաջին խաղակեսում որոշակի առավելություն ունեին Ֆրանկ Դե Բուրի գլխավորած թիմի ֆուտբոլիստները, սակայն չեխերը հստակ պաշտպանվում էին եւ դարպասի գրավում մինչեւ ընդմիջումից չգրանցվեց։

55-րդ րոպեից Նիդերլանդների հավաքականը խաղում էր 10 ֆուտբոլիստներով։ «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս Դե Լիգտը տանուլ տվեց պայքարը եւ սեփական տուգանային հրապարակի մոտ ձեռքով բռնեց գնդակը՝ չեխերի հարձակվող Պատրիկ Շիկին զրկելով դարպասի դիմաց հարվածային դիրք դուրս գալու հնարավորությունից։ Մրցավարը VAR-ի եզրակացությունից հետո կարմիր քարտ ցույց տվեց Դե Լիգտին դիտավորյալ ձեռքով խաղի համար։

 Չեխերը թվային առավելությունը գոլի վերածեցին 68-րդ րոպեին։ Անգլիական «Բրիստոլ Սիթի» պաշտպան Թոմաշ Կալաշի փոխանցումից հետո աչքի ընկավ չեխական «Սլավիայի» կիսապաշտպան Թոմաշ Հոլեշը։

80-րդ րոպեին Յարոսլավ Շիլհավիի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց Լեւերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը, որին գոլային փոխանցում կատարեց Թոմաշ Հոլեշը։ Այս մրցաշարում չեխերի 5 գոլերից 4-ը խփել է Շիկը, որը Եվրո-2020-ի լավագույն ռմբարկուների մրցավազքում հետ է միայն պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուից՝ 5 գոլ։

Քառորդ եզրափակիչում Չեխիայի մրցակիցը կլինի Դանիան, որը 4։0 հաշվով հաղթել էր Ուելսին։

Եվրո-2020, 1/8 եզրափակիչ

Նիդերլանդներ - Չեխիա՝ 0։2 (տեսանյութ), (Բուդապեշտ)

Թոմաշ Հոլեշ, 68, Պատրիկ Շիկ, 80

Հեռացում՝ Մատեյս Դե Լիգտ (Նիդերլանդներ), 55



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.