Պատանիների ավագ մարզիչ. Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն արժանի հետնորդներ ունի (ֆոտո)

10:24   27 հունիսի, 2021

Մարմնամարզությունը բոլոր մարզաձեւերի այբուբենն է: Փոքր տարիքից մարմնամարզությամբ զբաղվող երեխան հաջողություններ կունենա նաեւ այլ մարզաձեւում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ, Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի մարզիչ Արտակ Այդինյանը:

Պարոն Այդինյան, որքա՞ն ժամանակ եք գլխավորում պատանեկան հավաքականը: Ի՞նչ հեռանկարներ ունեն պատանի մարմնամարզիկները Հայաստանում:

Արդեն շուրջ 6 ամիս գլխավորում եմ պատանեկան հավաքականը: Հրաշալի սերունդ ունենք: Որպես մարզիչ, վստահ կարող եմ ասել, որ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն արժանի հետնորդներ ունի: Մեր չեմպիոններին փոխարինող լավ երեխաներ ունենք, որոնք հետագայում բարձր կպահեն Հայաստանի անունը տարբեր խոշոր մրցաշարերում այնպես, ինչպես Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանն, Արթուր Ավետիսյանը: Արդեն աչքի ընկնող տղաներ կան, որոնց հետ կապված մեծ ծրագրեր ունենք հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ:

Սպորտային մարմնամարզությունում պատանեկան տարիքից երեխաներն արդեն հնարավորություն ունեն դրսեւորել իրենց տարբեր մրցաշարերում եւ հետագայում լուրջ հաջողությունների ձեռնոց նետել մեծ սպորտում: Դրան նպաստում են նաեւ մեր չեմպիոնները, որոնք հաճախ մասնակցում են մեր ընդհանուր մարզումներին, իրենք են աշխատում երեխաների հետ, նաեւ իրենց հաղթանակներ են պատանիներին մոտիվացնում:

Նշեցի, որ արդեն ունենք աչքի ընկնող պատանիներ, որոնց հետ ես եւ մարզիչ Հայկ Նազարյանն աշխատում ենք բազմամարտի վրա: Զարգացնում ենք նաեւ անհատական գործիքները, որոնց լավ տիրապետում են: Համլետ Մանուևլյանը, Մամիկոն Խաչատրյանը մեծ հեռանկարներ ունեն: 13-14 տարեկան են, բայց արդեն ընդգծված մարմնամարզիկներ են: Նրանց հետ նաեւ աշխատում է Հակոբ Սերոբյանը: Նրանց հետ կապված նպատակներ ունենք. տեսնենք՝ ինչպես կդասավորվի:

Դուք մարզադպրոցում նաեւ որպես մարզիչ եք աշխատում սիրողական խմբերի հետ: Ինչպե՞ս եք հասկանում, որ մարմնամարզության հաճախող երեխան տաղանդ ունի եւ կարող է ապագա չեմպիոն դառնալ:

Նախ ուզում եմ նշել, որ վաղ տարիքից մարմնամարզության հաճախելը օգտակար է երեխաների կառուցվածքի եւ ընդհանուր մկանային համակարգի զարգացման համար: Երեխաներին ընդունելիս առաջնահերթ ուշադրություն ենք դարձնում կառուցվածքին: Այնպես չի, որ ըստ կառուցվածքի չենք ընդունում: Բոլորն էլ ստանում են հնարավորություն հաճախելու եւ զբաղվելու մարզաձեւով: Որպեսզի հասկանանք՝ որքան շարունակական եւ հեռանկարային կարող է լինել երեխան, ուշադրություն ենք դարձնում կառուցվածքին եւ ճկունությանը: Կան որոշակի նորմատիվներ, որոնք եւս կարող են որոշակի բազային ինֆորմացիա տալ երեխայի հնարավորությունների մասին՝ ձգումները հատակին, թեքումները, շպագատը: Գիմնաստիկայի համար առաջնահերթը ճկունությունն է: Դրա հետ միասին նաեւ եթե ուժեղ լինի, ուրմեն պատրաստի կադր է, նրա հետ պետք է միայն աշխատել: Թե ինչ տաղանդ ունի երեխան, դա արդեն բացահայտվում է հաճախումների ընթացքում:

Ինչպե՞ս եք գնահատում մարզաձեւի մասսայականությունը:  

Մարմնամարզությունն իսկապես շատ սիրված է ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների շրջանում: Ոչ միայն Երեւանում, նաեւ մարզերում է մեծ մասսայականություն վայելում: Շատ հաճախ սիրողական խմբերում աշխատում ենք ոչ թե ապագա մարմնամարզիկներ աճեցնելու ուղղությամբ, այլ զուտ առողջության ամրապնդման: Հայ ծնողների մեծ մասն արդեն հասկանում է, որ մարմնամարզությունը շատ օգտակար է եւ պետք է երեխայի ընդհանուր ֆիզիկական զարգացվածության համար: Շատերը զուտ մարզվում են: Երկու-երեք տարի մարզելուց հետո, եթե հասկանում ենք տվյալները թույլ են տալիս, պատրաստում ենք նախապատրաստական առաջին խմբի մրցումներին: Հետո նախապատրաստական երկրորդ խումբ ու այդպես մինչեւ Հայաստանի առաջնություններ, սպորտի վարպետ:

Նշեցիք, որ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն արժանի հետնորդներ ունի...

Իսկապես լուրջ տղաներ ունենք, որոնք դեռ կասեն իրենց խոսքը մեծ սպորտում: Նշեցի՝ Համլետ Մանուկյանին, Մամիկոն Խաչատրյանին, որոնք ներկայացնում են Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը: Լավ տղաներ ունենք Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցից. կառանձնացնեմ Էրիկ Բաղդասարյանին, Ռոբերտ Գյուլյումյանին:  Շատ լավ երեխաներ ունենք նաեւ մարզերում:

Վերջերս Գյումրիում անցկացվեց պատանիների Հայաստանի առաջնությունը: Մասնակցությունն ու արդյունքները գոհացնո՞ղ էին:

Հայաստանի առաջնությանն ունեինք շուրջ 75 մասնակից՝ 24 աղջիկ, շուրջ 60 տղա Երեւանի երկու մարզադպրոցներից, Գյումրիից, Էջմիածնից եւ Վանաձորից: Արդյունքները գոհացնող էին: Իհարկե, հասկանալի պատճառներով, Երեւանի մարզադպրոցների երեխաները անհամեմատ բարձր արդյունքներ գրանցեցին, չեմպիոններ դարձան: Օրինակ՝ Ալբերզ Ազարյանի մարզադպրոցի երեխաները երրորդ եւ երկրորդ մեծահասակներ կարգում բազմամարտում գրավեցին առաջին տեղը: Առանձին գործիքներում էլ չեմպիոնները մայրաքաղաքի մարզադպրոցներից էին: Արդեն հասկանալի է, թե որտեղ է մարզաձեւը ավելի զարգացած:

Հայաստանի առաջնությունն ամեն տարի արել ենք Վանաձորում, բայց այս տարի որոշեցինք  տեղափոխել Գյումրի, քանի որ դահլիճային պայմաններն ու գործիքները քիչ թե շատ ավելի  լավ վիճակում են: Վանաձորում, օրինակ, զուգափայտերի մրցման ժամանակ 3-4 մարզիչով կանգնում էինք գործիքի տակ, որ հանկարծ երեխան չընկնի: Նաեւ պահեստային օղակներ ունեինք Ազարյանի դպրոցում, նվիրեցինք Գյումրիին, որպեսզի երեխաները մի քիչ լավ օղակների վրա մարզվեն:  

Հայ մարմնամարզիկները համաշխարհային սպորտում այսօր լուրջ մրցակիցներ են: Պատահական չէ, որ Տոկիո-2020-ում Հայաստանի օլիմպիական հավաքականի մեդալի ռեալ հավակնորդների մեկն էլ Արթուր Դավթյանն է: Պատասխանատու չէ՞ մեծ հաջողություններ գրանցող մարզաձեւի հիմք հանդիսացող պատենական հավաքականի ավագ մարզիչ լինելը: 

Շատ պատասխանատու է, իսկապես: Արդեն շուրջ 6 ամիս է գլխավորում եմ պատանիների թիմը, ինքս եղել եմ նախկին մարզիկ, նաեւ երկար տարիներ մարզիչ: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին շնորհակալ եմ այս վստահության համար: Հնարավոր ամեն ինչ անում ենք, որպեզի մեր ուժեղ հավաքականին արժանի հետնորդներ ունենանք: Ինձ իր փորձով, գիտելիքներով շատ է օգնում պարոն Սերոբյանը եւ հավաքականի մարզիչ Սոս Սարգսյանը: Միասին աճեցնում ենք ապագա չեմպիոններ:

Չեմ վախենա ասել՝ մարմնամարզությունը բոլոր մարզաձեւերի այբուբենն է: Եթե նույնիսկ երեխան մի քանի տարի մարզվելուց հետո հեռանկարներ չունենա մարմնամարզությունում եւ դուրս գա, վստահ որեւէ այլ մարզաձեւում նա հաջողություն կգրանցի, կլինի սպորտում:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.