Ալի Դաեին Ռոնալդուին շնորհավորել է պատմական ռեկորդը կրկնելու առթիվ

13:48   24 հունիսի, 2021

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, դուբլի հեղինակ դառնալով աշխարհի չեմպիոն ֆրանսիացիների դեմ Եվրո-2020-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում (2:2), ազգային թիմում գոլերի թիվը հասցրել է 109-ի:

Թուրինի «Յուվենտուսի» 36-ամյա հարձակվողը կրկնել է ազգային հավաքականում խփած գոլերի համաշխարհային ռեկորդը, որը պատկանում է Իրանի հավաքականի լեգենդար հարձակվող Ալի Դաեին:

1993-2006-ը Իրանի հավաքականում խաղացած 52-ամյա Ալի Դաեին Ռոնալդուին շնորհավորել է իր ռեկորդը կրկնելու առթիվ:

«Շնորհավորում եմ Ռոնալդուին, որին մեկ գոլ է բաժանում իմ ռեկորդը գերազանցելուց: Ինձ համար մեծ պատիվ է, որ այդ ցնցող ցուցանիշը պատկանելու է Ռոնալդուին՝ մեծագույն չեմպիոնի ու մարդու, որը մարդկանց ոգեշնչում է ամբողջ աշխարհում»,- Ինստագրամում գրել է իրանցի նախկին ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ 2003 թվականից Պորտուգալիայի հավաքականում խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն ազգային թիմում անցկացրել է 178 հանդիպում:

Ֆրաննսիայի հավաքականի դեմ խաղում դուբլի արդյունքում Ռոնալդուն գերազանցել էր գերմանացի Միրոսլավ Կլոզեի նվաճումը։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում պորտուգալացի հարձակվողը խփեց իր 21-րդ գոլը։ Կլոզեն 19 անգամ է աչքի ընկել երկու խոշոր մրցաշարերում։ Երրորդ տեղում է գերմանացի Գերդ Մյուլերը (18 գոլ)։ Հնգյակում են նաեւ գերմանացի Յուրգնեն Կլինսմանը (16) եւ ֆրանսիացի Միշել Պլատինին (14)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.