10:11 19 հունիսի, 2021Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը մեկն է այն 11 քաղաքներից, որոնք այս օրերին հյուրընկալել են ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության հանդիպումները: Սանկտ Պետերբուրգն իր գեղեցկությամբ գրեթե չի զիջում Եվրո-2020-ի առջև իրենց դռները բացած եվրոպական քաղաքներին և դարձել է երկրպագուների ամենասիրելի մրցավայրերից մեկը:
2017 թվականին բացված «Գազպրոմ Արենա» ստադիոնում նախատեսված են Եվրո-2020-ի 7 հանդիպումներ, որոնցից չորսն արդեն անցկացվել են:
NEWS.am Sport-ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգ ժամանեց հունիսի 17-ին՝ Շվեդիա - Սլովակիա E խմբի հանդիպման նախօրեին: Երևանի հետ համեմատ, այդ օրը Սանկտ Պետերբուրգում այնքան էլ շոգ չէր (մոտ 20 աստիճան տաքություն), սակայն խաղի օրը քաղաքում ջերմաստիճանը բարձրացավ մոտ 10 աստիճանով, և դրա հետ մեկտեղ ավելի «թեժացավ» նաև ֆուտբոլային մթնոլորտը:

Շվեդիայի հավաքականը սլովակներին հաղթեց ինչպես խաղադաշտում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս: Հանդիպումից առաջ սկանդինավցի երկրպագուները շատ ավելի ակտիվ ու կազմակերպված էին, իսկ խաղից հետո նրանց բարձր տրամադրությունը կրկնապատկվեց: Հաղթական դիմակայության վերջում գրեթե բոլոր շվեդ երկրպագուները ստադիոնից հեռանալիս երգում էին «Յանե, Յանե»՝ ի պատիվ թիմի գլխավոր մարզիչ Յանե Անդերսոնի: 2016 թվականից Շվեդիայի հավաքականը գլխավորող 58-ամյա շվեդ մասնագետը շատ սիրված է երկրպագուների կողմից, և շատերը հենց նրա հետ են կապում թիմի վերջին հաջողությունները:
Ni. Är. Fantastiska.#hejasverige #EURO2020 | #SWE pic.twitter.com/5wZNE36nnH
— Svensk Fotboll (@svenskfotboll) June 18, 2021
Այս անգամ ՈւԵՖԱ-ն մեծացրել է Եվրոպայի առաջնության աշխարհագրությունը և թիմերի քանակը (Եվրո-2020-ն առաջին անգամ անցկացվում է 11 երկրների 11 քաղաքներում, մասնակցում են 24 հավաքականներ), որպեսզի երկրպագուները կարողանան այցելել ավելի շատ երկրներ և ծանոթանան նաև ֆուտբոլային մթնոլորտին ու այնտեղի մշակութային կյանքին, ինչը գրեթե իդեալական է դարձնում Սանկտ Պետերբուրգի տարբերակը:
Կորոնավիրուսային համավարակը, իրարկե, զգալիորեն խանգարեց դրան, սակայն Եվրո-2020-ի օրերին Ռուսաստանի ամենագեղեցիկ քաղաքում մարդկաց բազմության պակաս չի զգացվում՝ հատկապես կենտրոնական փողոցներում: Եվրոպայի առաջնությունը նաև համընկել է այս քաղաքում զբոսաշրջիկների համար ամենաթեժ ժամանակահատվածների հետ, քանի որ սկսվել են սպիտակ գիշերները:

2017 թվականին բացված «Գազպրոմ Արենան» արդեն քաջ ծանոթ է արտասահմանցի երկրպագուներին, քանի որ այս ստադիոնը հյուրընկալել էր նաև 3 տարի առաջ անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: ԱԱ-2018-ում ևս «Գազպրոմ Արենան» ընդունել էր 7 հանդիպումներ, այդ թվում՝ կիսաեզրափակիչն ու երրորդ տեղի համար խաղը: Հասկանալի է, որ այդ ժամանակ մարդիկ չգիտեին, թե ինչ է կորոնավիրուսն ու այլ պայմաններում էին վայելում ֆուտբոլային տոնը, բայց այս օրերին ևս Սանկտ Պետերբուրգն ապրում է ֆուտբոլով:
Շվեդիա - Սլովակիա խաղի օրը քաղաքում ֆուտբոլային աժիոտաժը հասկանալի պատճառներով այնքան մեծ չէր, ինչպես նախորդ 2 խաղերի ժամանակ, քանի որ մեկնարկային 2 տուրերում «Գազպրոմ Արենայում» հանդես եկավ Ռուսաստանի հավաքականը, որի ցուցադրած խաղը դեռ մեծ հույսեր չի ներշնչում երկրպագուներին ու ֆուտբոլային մասնագետներին: Ռուսաստանի հավաքականի հանդիպումների օրերին լեփ-լեցուն էր նաև պետերբուրգյան ֆան-գոտին, որը ստացել է «Ֆուտբոլային ավան» անվանումը:
68 հազար հանդիսական հյուրընկալող «Գազպրոմ Արենան» Բելգիա - Ռուսաստան (3:0) և Ֆինլանդիա - Ռուսաստան (0:1) խաղերին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով հյուրընկալել էր ստադիոնի տարողության մոտ 35 տոկոսի չափով երկրպագու: Շվեդիա - Սլովակիա խաղին ներկա էին ավելի քիչ երկրպագուներ՝ մոտ 11500:
Վերջերս բրիտանական Buro Happold ճարտարապետական ընկերությունը հրապարակել էր աշխարհի լավագույն ստադիոնների ցուցակը, որտեղ «Գազպրոմ Արենան» զբաղեցրել էր 21-րդ տեղը: Այս ստադիոնում ֆուտբոլ դիտելը շատ հարմարավետ է:

Սակայն նորակառույց ստադիոնը Սանկտ Պետերբուրգ մեկնող արտասահմանցի երկրպագուներին ամենաշատը չէ հետաքրքրում այդ քաղաքում: Խնամված շենքերով, շատ մաքուր ու կոմպակտ քաղաքը հարուստ է տեսարժան վայրերով ու պատմական կառույցներով: Հենց քաղաքի սրտում գտնվող Նևսկի պողոտայի հարևանությամբ է տեղակայված Եվրո-2020-ի ֆան-գոտին, որը նույն հատվածում էր նաև աշխարհի առաջնության ժամանակ: Ֆան-գոտուց երկրպագուները մոտ 10 րոպեում զբոսնելով հասնում են Սանկտ Պետերբուրգի ամենահայտնի վայրերից մեկը՝ Էրմիտաժ: Կերպարվեստի թանգարանը երկրպագուների ու, ընդհանրապես, Սանկտ Պետերբուրգ մեկնած զբոսաշրջիկների համար ամենապարտադիր այցելելի վայրերից է այս քաղաքում: Որպես Ռուսաստանի Եկատերինա 2-րդ կայսրուհու անձնական արվեստի հավաքածու ստեղծված այս կառույցը երկրորդ ամենամեծ արվեստի թանգարանն է աշխարհում:

Էրմիտաժի հարևանությամբ գտնվող սրճարաններից մեկի առջև տեղադրված են Դիեգո Մարադոնայի, Լիոնել Մեսիի ու Զլատան Իբրահիմովիչի արձանները:
Էրմիտաժից բացի, զբոսաշրջիկների սիրելի վայրերից են նաև Կունստկամերան, Մարիինյան թատրոնը, Ռուսաստանի ազգային գրադարանը, Ռուսաստանի պետական թանգարանը, Պետրոպավլովյան ամրոցը, Սուրբ Իսահակի տաճարը, Նևայի պողոտան և այլն։ Նևա գետի ափերին ևս մարդկանց պակաս չի զգացվում: Շատերը նախընտրում են զբոսանավով ուղևորություն, իսկ գիշերվա ուշ ժամերին վայելում են քաղաքի բացվող կամուրջները:
Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի տնտեսական, գիտական և մշակութային կարևորագույն կենտրոն լինելուց բացի, տրանսպորտային խոշոր հանգույց է։ Քաղաքի պատմական կենտրոնը և դրա հետ կապված հուշարձանների համալիրները մտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների մեջ: Մեղմ ասած, Սանկտ Պետերբուրգը զգալիորեն տաբերվում է Ռուսաստանի մյուս քաղաքներից:
Շվեդիա - Սլովակիա հանդիպման դեռ նախօրեին քաղաքում քիչ չէին այդ երկրի ֆուտբոլային համազգեստներով երկրպագուները: Չնայած Ֆինլանդիայի հավաքականը ռուսների դեմ «Գազպրոմ Արենայում» խաղացել էր հունիսի 16-ին, սակայն ֆինն երկրպագուների պակաս ևս չէր զգացվում քաղաքում: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցող Ֆինլանդիայի հավաքականը Սանկտ Պետերբուրգում կանցկացնի ևս մեկ հանդիպում՝ հունիսի 21-ին մրցելով B խմբի առաջատար բելգիացիների հետ: Արտասահմանցի երկրպագուներից պետերբուրգյան ուևորությունն ամենահեշտը տրվում է հենց ֆիններին, քանի որ Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանակից է, իսկ Սանկտ Պետերբուրգը շատ մոտ է սահմանին, և այդտեղից կարելի է մեքենայով հասնել մրցավայր:

Սանկտ Պետերբուրգն ընտրել են նաև Եվրոպայից դուրս ապրող շատ երկրպագուներ, քանի որ ի տարբերություն եվրոպական մյուս քաղաքների, այստեղ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները նույնքան խիստ չեն: Պաշտպանիչ դիմակ կրելը պարտադիր է միայն տրանսպորտում, ստադիոնում ու ֆան-գոտում, սակայն ոչ բոլորն են պահպանում կանոնները:
Ամենևին էլ պատահական չէ, որ Ռուսաստանը Եվրո-2020-ում ներկայացնում է ոչ թե մայրաքաղաք Մոսկվան, այլ՝ հեքիաթային Սանկտ Պետերբուրգը, որտեղ քեզ զգում ես ինչպես Եվրոպայում: Այս քաղաք մեկ անգամ այցելությունից հետո անպայման առաջանում է վերադառնալու ցանկություն, ինչն էլ շատերն անում են: Սանկտ Պետերբուրգն այն քաղաքն է, որտեղ արժե այցելել՝ և ոչ միայն կարևոր ֆուտբոլային հանդիպումների համար:
Դավիթ Եղիազարյան՝ Սանկտ Պետերբուրգից

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.