Մանչինի․ Լոկատելին բացառիկ խաղ ցուցադրեց, ամբողջ թիմը բարձրության վրա էր

12:14   17 հունիսի, 2021

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է 3։0 հաշվով հաղթանակը Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրում եւ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելը։

«Լոկատելին բացառիկ խաղ ցուցադրեց։ Կիսապաշտպանի համար հեշտ չէ երկու գոլ խփել։ Առաջին գոլը հրաշալի թիմային գործողության արդյունք էր, իսկ երկրորդը վճռվեց անհատական վարպետությամբ։ Ամբողջ թիմը բարձրության վրա էր։ Հինգ օրում երկրորդ հանդիպումն էր, ինչը կրկնակի հաճելի է դարձնում այս արդյունքը։

Մենք լավ խաղացինք, բարդ հանդիպում էր։ Շվեյցարիան ուժեղ եւ ֆիզիկապես ամուր թիմ է։ Որոշակի խնդիրներ ունեինք սկզբում, բայց հետո ամեն ինչ կարգավորվեց եւ արժանի հաղթանակ տարանք։ Տղաները գերազանց աշխատանք կատարեցին։

Միշտ պետք է հավատալ, որ ամեն գրոհը կարող է ավարտվել գոլով։ Հենց այդպես տեղի ունեցավ, երբ Լոկատելին փոխանցում կատարեց Բեռարդիին եւ զուգահեռ առաջ գնաց դարպասի ուղղությամբ»,- Մանչինիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ առաջին տուրում իտալացիները 3։0 հաշվով հաղթել էին Թուրքիային, իսկ խմբային փուլի վերջին տուրում հունիսի 20-ին կմրցի Ուելսի թիմի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։