Եվրո-2020. Դանիա - Ֆինլանդիա հանդիպումը կշարունակվի այսօր

22:13   12 հունիսի, 2021

Ֆուտբոլի Դանիայի և Ֆինլանդիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի B խմբի առաջին տուրի հանդիպումը (0:0) կշարունակվի այսօր՝ հունիսի 12-ին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին, հայտնում է Եվրո-2020-ի մամուլի ծառայությունը:

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում անցկացվող հանդիպումը դադարեցվել էր բժշկական նկատառումներով: Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կորցրել էր գիտակցությունն առաջին խաղակեսի վերջնամասում և ընկել խոտածածկին:

Բժիշկները պայքարում էին իտալական «Ինտերի» 29-ամյա ֆուտբոլիստի կյանքի համար՝ կատարելով սրտի մերսում: 

Էրիկսենին մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց: Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները սպիտակ սավանով ծածկել էին պատգարակը: Դանիացին արդեն գիտակցության էր եկել:

Կրիստիան Էրիկսենի կինը տրիբունայից իջել էր խաղադաշտ: Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները փորձում էին հանգստացնել նրան: Կնոջը թույլ չէին տալիս մոտենալ ամուսնուն:

Դրանից հետո ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ ֆուտբոլիստի վիճակը կարգավորվել է:

Կրիստիան Էրիկսենի գործակալ Մարտին Շոտսը սոցցանցերում հայտնել է, որ կիսապաշտպանն արդեն ինքնուրույն շնչում է և հաղորդակցվում հարազատների հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.