Արթուր Պետրոսյանը հեռացել է «Ցյուրիխի» 2-րդ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից

16:16   12 հունիսի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի լեգենդար կիսապաշտպան, ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հեռացել է շվեյցարական «Ցյուրիխի» մինչև 21 տարեկանների թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

49-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը լրացել է: «Ցյուրիխը» համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Արթուր Պետրոսյանին և մաղթել հաջողություն:

Արթուր Պետրոսյանը 2020 թվականի ամռանն էր վերադարձել «Ցյուրիխ», որտեղ 2006-2016-ին եղել է ակումբի մինչև 14, 15, 16, 18, 21 տարեկանների թիմերի գլխավոր մարզիչը։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա «Ցյուրիխում» խաղացել է 2003-2006-ին, և այնտեղ էլ ավարտել է ելույթները:

Շվեյցարիա վերադառնալուց առաջ գյումրեցի մասնագետը գլխավորում էր Վանաձորի «Լոռին», որի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2018թ. դեկտեմբերից մինչև 2019թ․ մայիս: Նրա գլխավորությամբ վանաձորցիները հասել էին Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ:

Արթուր Պետրոսյանը Հայաստանի հավաքականը գլխավորել է 2016-2018 թվականներին, իսկ ազգային թիմում խաղացել է 1992-2004-ը՝ 69 խաղում խփելով 11 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։