00:33 12 հունիսի, 2021Ռուսական «Матч ТВ»-ի մեկնաբան Կոնստանտին Գենիչը չի ստացել Եվրո-2020-ի լուսաբանման հավատարմագրումը Բաքվի կազմկոմիտեի մերժման հետեւանքով։ Ռուս մեկնաբանը 2009 թվականին այցելել է Արցախի Հանրապետություն։ Այդ պատճառով Բաքուն վերջին պահին հավատարմագրում չի տրամադրել նրան։
«Գործը վերաբերում է Ադրբեջանին եւ նրանց վարքին։ Իմ հավատարմագրումը հաստատել էին, ՈւԵՖԱ-ից ստացել էի նամակը, ID համարը, անցել էի բոլոր ստուգումները։ Մնում էր միայն ստանալ հավատարմագրման վկայականը։ Սակայն, երեւում է Նոբել Առուստամյանի հետ կապված պատմությունը խոցել է նրանց։ «Матч ТВ»-ի հավատարմագրված լրագրողների ցուցակը մեկ անգամ եւս ուսումնասիրելուց նրանք հիշել են, որ 2009 թվականին ես այցելել եմ Ղարաբաղ եւ մասնակցել ԱՊՀ եւ բալթյան երկրների ֆուտբոլային մրցաշարի։
Այսօր Ադրբեջանից զանգեցին եւ հարցրեցին 2009-ին Ղարաբաղ իմ այցի եւ օրենք խախտելու մասին։ Ես հրաժարվեցի մեկնաբանել։ 5 րոպե անց ՈւԵՖԱ-ից ստացա նամակ, որով հայտնեցին Եվրո-2020-ի հավատարմագրումս չհաստատելու մասին։ Եզրափակիչ որոշում է։ Փոստի հասցեն ադրբեջանական կողմն է՝ «Բաքու-2020»։
Ես այնքան էլ չեմ հասկանում, ինչու պետք է խառնել քաղաքականությունն ու սպորտը, հատկապես, առաջնության բացման օրը։ Հույս ունեմ, որ խնդիրը կլուծվի եւ կհաստատվի իմ հավատարմագրումը եւ կաշխատեմ այս առաջնությունում։ Իսկ եթե ոչ․․․ Բաքու, ափսոս, բայց ես հիասթափված եմ»,- գրել է Գենիչը Տելեգրամում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվի կազմկոմիտեի մերժման պատճառով հավատարմագրում չէր ստացել «Матч ТВ»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը, սակայն Ռուսաստանի ԱԳՆ-ի միջամտությամբ խնդիրը լուծվել էր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.