Գևորգ Կասպարովի շնորհակալությունը

12:54   3 հունիսի, 2021

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովը կարիերան ավարտելու մասին որոշում կայացնելուց հետո շնորհակալություն է հայտնել ֆուտբոլային աշխարհին:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնեմ իմ ֆուտբոլային կարիերայի ընթացքում այն բոլոր մարդկանց, ում հետ աշխատել եմ՝ մարզիչներիս, խաղնկերներիս, ակումբներին, բոլոր տարիքային հավաքականներին, երկրպագուներին, ինչպես նաեւ այն մարդկանց, ովքեր խոչընդոտ են հանդիսացել իմ ճանապարհին՝ ավելի ուժեղացնելով ինձ։ Առանց ձեզ չէի կերտի իմ 25 տարվա ֆուտբոլային ուղին։ Շնորհակալութուն»,- ֆեյսբուքյան էջում գրել է 40-ամյա դարպասապահը:

Հիշեցնենք, որ Գևորգ Կասպարովի վերջին ակումբն էր «Ալաշկերտը», որի կազմում նա դարձավ Հայաստանի չեմպիոն: Դեկտեմբերին նա հեռացել էր Գյումրիի «Շիրակից» և միացել «Ալաշկերտին»:

Ավելի վաղ Գևորգ Կասպարովը դարձել էր Հայաստանի առաջնություններում խաղացած ամենատարեց դարպասապահը: Երևանի «Ուրարտուի» դեմ նոյեմբերի 22-ին տեղի ունեցած խաղում նա «Շիրակի» կազմում ռեկորդը սահմանեց 40 տարեկան 120 օրականում: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր Ռոբերտ Պալյանը, որը Հայաստանի առաջնությունում խաղացել էր 40 տարեկան 90 օրականում: «Փյունիկի» դեմ տարեվերջյան խաղում Գևորգ Կասպարովը թարմացրեց սեփական ռեկորդը՝ խաղալով 40 տարեկան 140 օրականում:

Գևորգ Կասպարովն այս մրցաշրջանից առաջ էր միացել «Շիրակին»: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև «Դվինում», «Զվարթնոցում», «Միկայում», «Փյունիկում», «Ուլիսում», «Ալաշկերտում», «Գանձասար-Կապանում», ինչպես նաև Իրանը ներկայացնող «Արարատ» (Թեհրան), «Պաս», «Ռահ Ահան», «Սանատի Կավե», «Զոբ Ահան», «Տրակտոր» ակումբներում ու Արևմտյան Հայաստանի հավաքականում: Հայաստանի ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 29 հանդիպում և բաց թողել 34 գնդակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։