Կապառոս. Վստահ եմ՝ Մխիթարյանը կօգնի մեզ սեպտեմբերին

19:49   31 մայիսի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Խորվաթիայի հետ ընկերական հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

«Շատ եմ անդրադարձել Մխիթարյանի բացակայությանը։ Մեկ անգամ էլ ասեմ։ Մենք ընկերական հանդիպումներ ենք անցկացնելու եւ շատ ֆուտբոլիստների եմ ցանկանում ստուգել։ Ամենալավ հնարավորությունն այս ընկերական խաղերն են։

Բազմիցս նշել եմ, որ Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է՝ շատ կարեւոր մեր հավաքականի համար։ Հաջորդ խաղերում սեպտեմբերին վստահ եմ, որ Մխիթարյանը մեզ կօգնի, մեզ շատ դժվար մարտահրավերներ են սպասվում։

Ես 40 տարվա մարզչական փորձ ունեմ, եւ որեւէ մեկը երբեւէ չի կարողացել ազդել ինձ վրա կազմի ընտրության հարցում։ Այն պահին, երբ կկարողանան ազդել իմ վրա, ես կվերադառնամ տուն եւ այլեւս չեմ մարզի։ Այլեւս չեմ ցանկանում անդրադառնալ այս թեմային։

Մենք պետք է ուժացնենք մեր տրամադրության տակ ունեցող ֆուտբոլիստներին։ Տղաները առաջնություններում երկար ամիսներ աշխատելուց հետո կասկած չունեին հավաքականին միանալու հարցում, եւ ես շատ բարձր եմ գնահատում դա։

Շատ լավ կարծիք ունեմ Խորվաթիայի հավաքականի մասին։ Նրանք ունեն ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս ուժեղագույն առաջնություններում»,– նշել է Խոակին Կապառոսը։

Խորվաթիա – Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հունիսի 1–ին Վելիկա Գորիցա քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00–ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։