Վարազդատ Հարոյանը պատմել է, թե ինչպես է հայտնվել «Կադիսում»

15:41   27 մայիսի, 2021

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն իսպանական «Կադիսի» ֆուտբոլիստ դառնալուց հետո պատմել է տպավորությունների մասին: Հարոյանն Արաս Օզբիլիսից հետո երկրորդ հայ ֆուտբոլիստն է, որը հանդես կգա Իսպանիայի Լա Լիգայում: 

«Ազգային հավաքականի վերջին հանդիպումներից հետո Խոակին Կապառոսն ինձ հարցրեց՝ արդյո՞ք կցանկանամ հանդես գալ Իսպանիայի Լա Լիգայում։ Ես պատասխանեցի՝ այո, շատ։ Նա ասաց, որ կօգնի ինձ այդ հարցում: Կապառոսի ներդրումն այս տեղափոխության հարցում շատ մեծ է․ հենց նրա միջնորդությամբ «Կադիսում» իմացան իմ մասին: Դրանից հետո զանգահարեցին ինձ և պայմանագիր առաջարկեցին։

Շնորհակալ եմ Խոակին Կապառոսին և բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ օգնեցին այս տրանսֆերի հարցում։ Շնորհակալ եմ նաև «Աստանայի» ղեկավարությանը, որը հասկացավ, թե որքան կարևոր է այս տրանֆերն իմ հետագա կարիերայի համար: Ակումբն ընդառաջեց ինձ, չնայած չէր ուզում հիմնական կազմի ֆուտբոլիստ կորցնել մրցաշրջանի միջնամասում։ 

Այս պահին բոլոր մտքերս դեռ «Աստանայի» հետ են, քանի որ թիմը չեմպիոնության համար է պայքարում և առաջին շրջանից հետո ոչ մի պարտություն չի կրել: 

Հնարավոր տեղափոխությանս մասին լուրը ստանալու օրվանից սկսել եմ հետևել «Կադիսի» մրցելույթներին: Շատ ուրախ եմ, որ դառնալու եմ այդ թիմի մասնիկը։ Միշտ երազել և հավատացել եմ, որ կարիերայիս մի հատվածում հանդես եմ գալու որևէ թոփ առաջնությունում»,- Հարոյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստն իսպանական ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2023 թվականը:

«Կադիսի» նախագահ Մանուել Վիսկանոն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ աշխատել է իսպանական «Սևիլիայում»։

Վարազդատ Հարոյանը ձմռանը հեռացել էր ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող ռուսական «Տամբովից» և փետրվարին տեղափոխվել ղազախական «Աստանա»: Ղազախստանի ընթացիկ առաջնությունում հայ պաշտպանը մասնակցել է 10 խաղի, դարձել մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում Նա հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2009-2019), Իրանի «Փադիդեհում» (2016-2017) ու Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020): Transfermarkt-ը Հարոյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 800 հազար եվրո: 

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։