Արթուր Ոսկանյան. Ֆուտբոլը պետք չէ քաղաքականացնել

16:05   25 մայիսի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն անդրադարձել է իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Մենք Հայ ենք։ Մենք այդպես էլ մեր ամբողջ գոյության ընթացքում չկարողացանք ճիշտ գնահատել մեր հզորներին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արթուր Ոսկանյանը՝ տեղադրելով Հենրիխ Մխիթարյանի հետ լուսանկար։

Հաջորդ օրը Արթուր Ոսկանյանը կատարել է ևս մեկ գրառում.

«Ժողովուրդ ջան, երեկվա Մխիթարյանին վերաբերվող գրառումս տարբեր մարդկանց մոտ տարբեր երանգներ ստացավ, անգամ քաղաքական։ Կներեք ծիծաղելի է։ Ֆուտբոլը պետք չէ քաղաքականացնել, առավել ևս բաժանել նախկինների ու ներկանների, սևերի ու սպիտակների։ Ֆուտբոլը դա ամբողջ ազգինն է ու բոլորս էլ ուզում ենք, որ մեր Հավաքականը հաղթի։

Երեկ, տեղեկանալով հավաքականի կազմին ու չգտնելով Հենրիխի անունը հրավիրվածների մեջ, մի պահ ինձ պատկերացրեցի Հենրիխի փոխարեն, թե ինձ ինչպես կզգայի, երբ, լինելով լավ մարզավիճակում, չհրավիրվեի հավաքական անհիմն պատճառաբանությամբ։ Հավատացեք շատ վատ, որը չեմ ցանկանա, որ ոչ մի ֆուտբոլիստ իր վրա զգա դա։ Առավել ևս Հենրիխը, ով հանդիսանում է մեր ֆուտբոլի դեսպանը ամբողջ աշխարհում, ով օրինակ և կուռք է մեր պատանի ֆուտբոլիստների համար։ Ամեն երիտասարդ, հրավիրվելով հավաքական, մարզվելով և խաղալով Հենրիխի կողքին, շատ բան կարող է սովորոել նրանից, ինչպես ժամանակին ես եմ շատ բան սովորոել իմ ավագ խաղընկերներից․ Վարդան Խաչատրյան, Հարություն Վարդանյան, Արթուր Պետրոսյան,Երվանդ Սուքիասյան․․․

Վստահ եմ ու պատասխանատու բոլոր հայ ֆուտբոլիստների փոխարեն ու կարող եմ ասել, որ ցանկացած մեր հավաքականում խաղացող կամ խաղացած ֆուտբոլիստի համար մեծ պատիվ և սրբություն է Մեր Հավաքականը և հավաքականի կազմում խաղալը։ Ու բոլորս էլ ցանկանում ենք, որպեսզի Մեր Հավաքականը միշտ հաղթի, անկախ խաղը պաշտոնական է, թե ընկերական։ Հավաքականի համար չկան անցումային կամ ոչ կարևոր խաղեր, բացառություն չեն մոտակա հանդիպումները։ Իհարկե մենք բոլորս էլ հարգում ենք Մեր Հավաքականի մարզչին և իհարկե նա պետք է որոշի, թե ում և երբ հրավիրի հավաքական, որովհետև վերջիվերջո ինքն է առաջին պատասխանատուն։ Նույնը երեկ իմ հետ զրույցի ժամանակ ասեց Հենրիխը։

Հաղթանակ և հաջողություն մաղթենք մեր հավաքականին և տղաներին․․․․․․

Ամեն ինչ անցողիկ է․

Անուն, Պատիվ, Հարգանքը մնայուն․․․

Կարողանանք հարգել ժամանակին

այ սրան էր վերաբերվում երեկվա գրառումս»,– գրել է Ոսկանյանը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը չի հրավիրվել Հայաստանի հավաքական, որը շուտով կսկսի պատրաստվել աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի (hունիսի 1) և Շվեդիայի (hունիսի 5) հավաքականների հետ ընկերական խաղերին։ Անդրադառնալով դրան՝ 32-ամյա կիսապաշտպանը նշել էր, որ իր համար անակնկալ է Հայաստանի հավաքականից հրավեր չստանալը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։