Միհրան Հարությունյան․ Օլիմպիական ոսկե մեդալի համար պայքարս դեռ չի ավարտվել

10:45   22 մայիսի, 2021

Օլիմպիական ոսկե մեդալի համար պայքարս դեռ չի ավարտվել: Ես այն կնվաճեմ 4 տարի անց  Փարիզ-2024-ում: Կարոտել եմ ըմբշամարտի մրցագորգը: Եթե վերջնական որոշեմ վերադառնալ, կսկսեմ հենց Հայաստանի առաջնությունից:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը, որն այս օրերին Հայաստանում է:

Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո, որտեղ անարդար մրցավարության արդյունքում բավարարվեց արծաթե մեդալով: Օլիմպիական խաղերից հետո Հարությունյանը պարբերաբար հայտարարում էր, որ օլիմպիական ոսկե մեդալը կվերցնի Տոկիո-2020-ում, բայց որոշ ժամանակ անց հրաժարվեց հետագա պայքարից:

Երեւանում Հարությունյանը առանձին նախագծի  շրջանակում հանդես եկավ մամուլի ասուլիսով, որի ընթացքում խոսեց նաեւ ըմբշամարտ վերադառնալու ծրագրերի մասին: Ասուլիսից հետո NEWS.am Sport-ի թղթակցի հետ առանձնազրույցում օլիմպիական փոխչեմպիոնը մանրամասնեց ըմբշամարտում իր ապագա ծրագրերը:

Միհրան, ինչո՞ւ հրաժարվեցիր օլիմպիական ոսկե մեդալի համար պայքարից:

Ես չեմ հրաժարվել օլիմպիական ոսկե մեդալից: Իմ պայքարը դեռ չի ավարտվել: Չեմ զղջում ոչնչի համար, ինչ ինձ հետ տեղի ունեցավ Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո՝ նախորդ 4-5 տարիներում: Ես հրաժարվեցի Տոկիոյի համար պայքարից, բայց դա չի նշանակում, որ ես լիարժեք հրաժարվել եմ իմ օլիմպիական երազանքից, ոսկե մեդալից: Բոլորս էլ գիտենք՝ ինչ եղավ, թե որ հայտարարություններից, հայտնի ասուլիսից, հավաքից հետո այս ամենը տեղի ունեցավ. իմ պայքարը դադար վերցրեց, եւ ես կենտրոնացա խառը մենամարտերի վրա:

Այդ ընթացքում դու հնարավորություն էիր ուզում, մեկ հնարավորություն օլիմպիական ուղեգրի համար պայքարելու:

Ես փորձեցի ստանալ այդ հնարավորությունը, դիմեցի, որ ինձ մեկ միջազգային մրցաշարի հնարավորություն տան, որտեղ կլինի իմ քաշային կարգի մյուս ուժեղագույնների հետ արդար մրցակցություն եւ պայքար վարկանիշային մրցաշարին մասնակցելու իրավունք վաստակելու համար: Ոմանք պնդում էին, որ պետք է մասնակցեմ Հայաստանի առաջնության, մոռանալով, թե ինչպես ես առանց Հայաստանի առաջնության, մասնակցեցի Եվրոպական խաղերին, Օլիմպիական խաղերին եւ շատ այլ մրցաշարերի:

Հիմա այդ ամենը թողել եմ անցյալում, դրել եմ մի կողմ: Նույնիսկ դրա համար չեմ զղջում, որ փորձեցի, դիմեցի ու չստացվեց: Ինձ համար շատ կարեւոր է մի բան. ես գնում եմ առաջ, իսկ նրանք նույն տեղում են:

Նախատեսո՞ւմ ես վերադառնալ ըմբշամարտ:

Ցանկությունս մեծ է: Երեւի Տոկիոյից հետո՝ 4 տարի անց, կգնամ իմ ոսկե մեդալի հետեւից: Հիմա  բոլորը կծիծաղեն ասածիս վրա եւ կմտածեն, որ դա հնարավոր չէ, հատկապես ըմբշամարտի ներկայացուցիչները կասեն, որ 4 տարի անց ինձ համար ընդհանրապես հնարավոր չի լինի: Հենց դա է հետաքրքիրը:

Պետք էր կանգնեցնել այն ինտրիգներն ու կեղտը, որը կհետապնդեր ինձ իմ պայքարի ճանապարհին: Այժմ իմ առջեւ ավելի կարեւոր խնդիրներ եմ դրել: Չեմ կարող ասել, որ դրանք ավելի բարձր են, քան օլիմպիական ոսկե մեդալի համար պայքարը, որովհետեւ յուրաքանչյուր մարզիկի համար մարզական կարիերայի գագաթնակետն օլիմպիական չեմպիոնի տիտղոսն է: Ես եղել եմ սպորտի անդունդում ու նաեւ գագաթին: Համարում եմ, որ որպես մարզիկ ինքս ինձ դեռ լիարժեք չեմ դրսեւորել. ես արդեն պետք է մասնակցած լինեի ամենաքիչը երկու Օլիմպիական խաղերի, մի շարք աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների, բայց ունեմ այն, ինչ ունեմ:

Գլխումս եւ սրտումս մնացել են հույզեր ու ոսկե մեդալ նվաճելու մեծ ցանկություն: Այո, իմ հայրենիքում ինձ համարում են չեմպիոն, բայց պաշտոնապես իմ անվան կողքին գրված է փոխչեմպիոն: Ես ուզում եմ, որ նաեւ պաշտոնապես լինեմ օլիմպիական չեմպիոն: Ինձ համար կարեւորն իմ ցանկությունն է, որն էլ ինձ տալիս է առաջ նայելու մոտիվացիա: Եթե ոչինչ չփոխվի իմ կյանքի ծրագրերում, շատ հավանական է, որ 4 տարի անց ես պայքարեմ իմ նպատակի համար Փարիզում:

Մինչեւ Օլիմպիական խաղեր, ծրագրում եմ ըմբշամարտում նոր մեկնարկ տալ եւ սկսել հենց Հայաստանի առաջնությունից: Այդպես կմարեն բոլոր տեսակի խոսակցությունները, կարծիքներն ու կասկածները: Այս ամենի մասին ես արդեն մտածում եմ:

Հետեւե՞լ ես Հայաստանի հավաքականի ուղեգրերի համար պայքարին:

Այս շրջանում ըմբշամարտին այդքան չեմ հետեւում:  Անկեղծ կլինեմ՝ հունահռոմեականներին չեմ հետեւել: Գիտեմ՝ ովքեր են նվաճել ուղեգրեր: Շատ ուրախ եմ նրանց համար եւ մեծ հաջողություն եմ մաղթում տղաներին օլիմպիական մրցագորգում:

Հետեւել եմ ազատ ոճայինների պայքարին, մասնավորապես Արսեն Հարությունյանի եւ Վազգեն Թեւանյանի հաղթանակներին: Հրաշալի տղաներ են: Ինձ հատկապես դուր եկավ նրանց թեթեւ մոտեցումները գոտեմարտերին եւ նույն ոգով հաղթանակները: Եթե նրանք կարողանան պահպանել այդ թեթեւությունը Տոկիոյի մրցագորգում, օլիմպիական մեդալներ անպայման կլինեն: Ոչ միայն ըմբիշներին, այլ բոլոր նրանց, ովքեր ներկայացնելու են Հայաստանը Տոկիոյում, մաղթում եմ հաջողություն եւ հաղթանակներ:  

Եթե ես վերադառնամ, ոչինչ բաց չեմ թողնելու այդ ճանապարհին, մարզվելու եմ, մասնակցելու եմ բոլոր մրցաշարերին եւ հասնելու եմ իմ նպատակին, բայց այս ամենը դեռ միայն ծրագրեր են: Իմ գլխում պտտվում են այս մտքերը, որովհետեւ ես կարոտել եմ ըմբշամարտի մրցագորգը, ես ուզում եմ գոտեմարտել, բայց դեռ ինձ դուր է գալիս խառը մենամատերը:

Ե՞րբ է առաջիկա մենամարտդ ութանկյունում եւ ի՞նչ ծրագրեր ունես խառը մենամարտերում:

Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս: Ըստ պայմանագրի, դեռ երկու կարեւոր մենամարտ ունեմ: Առաջին մենամարտս տեղի կունենա երեք ամիս անց, ամենայն հավանականությամբ Մոսկվայում: Եվս մեկը կանցկացնեմ եւ կմեկնեմ ԱՄՆ: Մեծ նպատակներ ունեմ այս մարզաձեւում, բայց դեռ բոլոր գաղտնիքները չեմ բացի: Առաջնային խնդիրս այս երկու մենամարտերում հաղթանակներ տանելն է:

Լուսինե Շահբազյան

 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։