Մ23 ԵԱ. Հրաչյա Պողոսյանը եզրափակիչում է

19:20   21 մայիսի, 2021

Հայաստանի երիտասարդական հավաքականի ըմբիշ Հրաչյա Պողոսյանը դուրս եկավ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 63 կգ քաշայինների եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում Հրաչյա Պողոսյանը գոտեմարտեց վրացի Լերի Աբուլաձեի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Վերջինը միավոր վաստակել էր հայ ըմբիշը։

Եզրափակիչում Հրաչյա Պողոսյանի մրցակիցը կլինի շվեդ Նիկլաս Օհլենը, որը 8։0 հաշվով պարտության մատնեց թուրք Աբդուլկադիմ Սայդամին։

Որակավորման փուլում Հրաչյա Պողոսյանը 3։2 հաշվով պարտության էր մատնել ռուսաստանցի Ռախման Թավմուրզաեւին, քառորդ եզրափակիչում 1։0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Մաքսիմ Լիուին։

77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը կիսաեզրափակիչում մրցեց ռուսաստանցի Սերգեյ Ստեպանովի հետ եւ պարտվեց 3։8 հաշվով։ Նա կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

1/8 եզրափակիչում Սամվել Գրիգորյանը 9։0 հաշվով հաղթել էր չեխ Յակուբ Բիելեշին, քառորդ եզրափակիչում նույն հաշվով ուժեղ էր եղել խորվաթ Պավել Պուկլավեչից։

87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը կիսաեզրափակիչում գոտեմարտեց վրացի Թեմուրի Չխուասելիձեի հետ եւ պարտություն կրեց 0։8 հաշվով եւ պայքարը կշարունակի բրոնզե մեդալի համար։

1/8 եզրափակիչում Գեւորգ Թադեւոսյանը 2։0 հաշվով հաղթել էր սերբ Մարիո Վուկովիչին, քառորդ եզրափակիչում 8։7 հաշվով՝ խորվաթ Մատեյ Մանդիչին։

Հիշեցնենք, որ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում 4։3 հաշվով պարտության է մատնել թուրք Ֆաթիհ Բոզկուրթին, քառորդ եզրափակիչում 3։1 հաշվով հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Իլյա Յուդհիչին։ Կիսաեզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի Շվեյցարիայի ներկայացուցիչ Դելիան Հոսեյն Ալիշահին։

55 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը որակավորման փուլում 2։4 հաշվով պարտվել է բուլղարացի Դենիս Կրասիմիրով Դեմիրովին, որը եզրափակիչ դուրս չեկավ։

Մայիսի 22–ին Հայաստանը կներկայացնեն Տիգրան Մինասյանը (60 կգ), Գուրգեն Ալեքսանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) եւ Ալբերտ Եղիկյանը (97 կգ)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։