Անդրեյ Տիխոնով. Հարոյանի հանդեպ կա մեծ հետաքրքրություն

13:19   17 մայիսի, 2021

Ղազախական «Աստանայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տիխոնովը պատմել է, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի հանդեպ մեծ հետաքրքրություն կա այլ ակումբներից։

«Հարոյանը մի քիչ վատառողջ է։ Նախօրեին նա մարզվեց մեզ հետ, սակայն հաջորդ օրը վատ զգաց իրեն։ Որոշեցինք հանգստանալու հնարավորություն տալ նրան։ Նրա հանդեպ հետաքրքրություն կա, ընդ որում՝ մեծ։ Ո՞վ գիտի, թե ինչ կլինի առաջիկայում»,- ռուս մարզիչի խոսքը մեջբերում է sports.kz-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Վարազդատ Հարոյանը մոտ է իսպանական «Կադիս» տեղափոխվելուն: Լա Լիգայում հանդես եկող «Կադիսի» նախագահ Մանուել Վիսկանոն օրեր առաջ հայտնել էր, որ ակումբը պայմանագիր է կնքել պաշտպանի հետ՝ չնշելով նրա անունը։ Մանուել Վիսկանոն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ աշխատել է իսպանական «Սևիլիայում»։

Վարազդատ Հարոյանը ձմռանը հեռացել էր ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող ռուսական «Տամբովից» և փետրվարին տեղափոխվել «Աստանա»: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 800 հազար եվրո:

Ղազախստանի ընթացիկ առաջնությունում հայ պաշտպանը մասնակցել է 8 խաղի և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում նա հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2009-2019), Իրանի «Փադիդեհում» (2016-2017) ու Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։