13 տարի անց «Արարատը» նվաճեց Հայաստանի գավաթը (ֆոտոշարք)

20:51   15 մայիսի, 2021

Երևանի «Արարատը» 13 տարվա ընդմիջումից հետո դարձյալ դարձավ ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր:

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը մրցեց «Ալաշկերտի» հետ և հաղթեց 3:1 հաշվով:

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում «Արարատից» դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Աղվան Պապիկյանը, որն առաջին խաղակեսում գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը: «Ալաշկերտի» կազմում հաշիվը վերջնամասում կրճատեց փոխարինման դուրս եկած Միհրան Մանասյանը:

Հանդիպումը սպասարկեցին ֆրանսիացի մրցավարներ՝ Բենուա Միյոյի գլխավորությամբ: Նախկինում գավաթային եզրափակիչ հանդիպումները արտերկրից ժամանած մրցավարները սպասարկել էին 4 անգամ

«Արարատը» Հայաստանի գավաթակիր դարձել էր նաև 1993, 1994, 1995, 1997 և 2008 թվականներին:

Այս տարի Հայաստանի գավաթակրի կոչումը չկարողացավ պաշտպանել Երևանի «Նոան», որը կիսաեզրափակիչում պարտվել էր «Ալաշկերտին»: «Ալաշկերտը» Հայաստանի գավաթակիր դարձել է մեկ անգամ՝ 2018/2019թթ. մրցաշրջանում:

Հայաստանի գավաթ, եզրափակիչ

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 1:3 

Միհրան Մանասյան, 85 – Աղվան Պապիկյան, 12, Մորի Կոնե, 18, 55

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։