Հենրիխ Մխիթարյանը Մինո Ռայոլային խնդրել է նոր ակումբ փնտրել

10:09   15 մայիսի, 2021

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր է այս մրցաշրջանի վերջում հեռանալ իտալական «Ռոմայից»:

Il Tempo-ի համաձայն՝ 32-ամյա ֆուտբոլիստն իր գործակալ Մինո Ռայոլային հանձնարարել է նոր ակումբ փնտրել: Իտալացի գործակալը Մխիթարյանի ծառայություններն արդեն առաջարկել է իտալական «Միլանին»: Հայ կիսապաշտպանը «Ռոմայում» իր ապագայի վերաբերյալ պետք է վերջնական որոշում կայացնի մինչև մայիսի 31-ը, այլապես ստիպված կլինի երկարաձգել գործող պայմանագիրը:

Մխիթարյանը ցանկանում է հեռանալ «Ռոմայից» Ժոզե Մոուրինյոյի՝ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելու պատճառով: Պորտուգալացի մասնագետի հետ նա նախկինում աշխատել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը» և Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:

Հայ կիսապաշտպանը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:

Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 32 խաղի և դարձել 11 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։