Ռայոլան Հենրիխ Մխիթարյանին առաջարկել է «Միլանին»

16:44   14 մայիսի, 2021

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան «Միլանին» առաջարկել է պայմանագիր կնքել Հայաստանի ազգային հավաքականի ավագի հետ, գրում է Sempremilan-ը՝ հղում անելով Il Tempo-ին: 

Իտալացի գործակալը «Միլանի» ներկայացուցիչների հետ հանդիպել է Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի պայմանագրի շուրջ բանակցությունների հարցով, և հանդիպման ընթացքում առաջարկել է նաև Մխիթարյանին ձեռք բերելու տարբերակը: Աղբյուրը նշում է, որ Մխիթարյանը կարող է իդեալական տարբերակ լինել միլանցիների համար, և մեկնարկային կազմում փոխարինել թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուին: 

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 32-ամյա Մխիթարյանը «Ռոմայում» իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց առաջ ցանկանում է զրուցել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, որի հետ աշխատել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: Նշվում էր, որ պորտուգալացի մասնագետը դեմ չէ աշխատել հայ ֆուտբոլիստի հետ:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը» և Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:

Հայ կիսապաշտպանը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:

Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 32 խաղի և դարձել 11 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։