Լեւոն Աղասյանը՝ այլ երկիր ներկայացնելու առաջարկների, Արոնյանի որոշման եւ աթլետիկայի խնդիրների մասին

17:11   13 մայիսի, 2021

Շատ առաջարկներ եմ ստացել տարբեր երկներից, բայց չեմ կարող հեռանալ Հայաստանից եւ ներկայացնել այլ երկիր: Որպես հայրենասեր մարդ՝ տարօրինակ եմ համարում Լեւոն Արոնյանի որոշումը, որը մտորումերի տեղիք կտա մյուս մարզաձեւերի ներկայացուցիչներից շատերի մոտ: Այս պահին, սա ամենասխալ որոշումն էր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը:

Կապանցի մարզիկը պատրաստվում է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելուն: 25 տարվա դադարից հետո Աղասյանը հայկական աթլետիկայում առաջին մարզիկն է, որը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ: 2021 թվականի մարտի 8-ին Լեհաստանի Տորուն քաղաքում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում (ձմեռային) Աղասյանը 16.55 սմ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը:

Լեւոն, ձմեռային Եվրոպայի առաջնությունում քո 5-րդ տեղը բացառիկ էր հայկական աթլետիկայում: Ըստ քեզ՝ ո՞րն է եղել այս երկար դադարի պատճառը:

1996 թվականից հետո ԵԱ–ի 5-րդ տեղն առաջին բարձր արդյունքն էր աթլետիկայի պատմության մեջ: Ցավալի երեւույթ է, որ այդքան տարի մենք չենք ունեցել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս եկած մարզիկ: Պատճառները շատ են, որոնց մասին եթե խոսեմ, երկար կստացվի: Հիմնական պատճառներն աթլետիկայի մասնագիտացված մարզագույքի եւ մարզվելու պայմանների բացակայությունն է: Հայաստանում չկա որեւէ մարզադաշտ, որը համապատասխանի աթլետիկայի միջազգային ստանդարտներին: Հույսերս մեծ են, որ մեր հաջողություններն ու հետագայում արդեն բարձր նվաճումները կնպաստեն պայմանների բարելավմանը, մարզաձեւի մասսայականացմանն ու զարգացմանը:

Ես անելու եմ ամեն ինչ, որ հաջորդ Եվրոպայի առաջնությունում 5-րդ տեղը դառնա 3-րդ, 2-րդ, 1-ին: Տրամադրված եմ իմ մարզական կարիերայում անել լավագույնը, ամենաբարձրը: Սակայն, կա մի կարեւոր բայց… եթե դու պրոֆեսիոնալ մարզիկ ես ու ինքդ զգում ես, որ կարող ես անել լավագույնը, կարող ես լինել չեմպիոն, ունես այդ հնարավորությունները, բայց չունես տարրական պայմաններ մարզվելու համար, մեծ արդյունքները դժվար են տրվում: Մի օրինակ բերեմ. մարզումներին երկար թափավազքից չեմ ցատկում, քանի որ շատ վտանգավոր է: Մրցումներից առաջ էլ չեմ ցատկում, կարող եմ վնասվածք ստանալ: «Սպարտակ» մարզադահլիճը կիսաքանդ վիճակում է: Մի քանի անգամ ցատկել եմ ու վնասվածք ստացել: Իմ հիմնական ցատկերը կատարում եմ  հենց մրցավայրում:

Մեր երկրում խնդիր կա. շատ տաղանդավոր մարզիկներ ուղղակի չեն դառնում չեմպիոններ պայմանների բացակայութան պատճառով: Սա լուրջ խնդիր է, եւ այդպես արդեն շատ տաղանդներ ուղղակի լքել են սպորտը:  

Այս խնդիրները քեզ չե՞ն հիասթափեցնում:

Ես չեմ հիասթափվում:  Իմ արդյունքները դեռ բարձր չեն, բայց կարող են բարձր լինել, եթե մարզվեմ լավ մարզադահլիճում, լավ մարզագույքով, իմ եւ մարզաձեւի նկատմամբ լինի պրոֆեսիոնալ վերաբերմունք: Ես կարող եմ անել ավելին, եթե ինձ համար անեն ավելին: Երբ համեմատում եմ օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնների արդյունքներն իրենց ունեցած պայմաններում եւ իմը՝ մեր պայմաններում, ապա իմ արդյունքներն անհամեմատելի են: Կասկածում եմ, որ եթե այդ չեմպիոնները գան և մարզվեն Հայաստանում, կարողանան նման արդյունք ցուցացրել: Չեմ ուզում, որ ասածս որպես բողոք հնչի, ես ուղղակի ասում եմ այն, ինչ կա: Իմ ցանկությունը մեծ է դառնալ օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, բայց որքան նպատակներս մեծանում են, դրանց հասնելն ավելի է բարդանում: Կրկնեմ՝ մեծ հույսեր ունեմ, որ շուտով այս հարցերի գոնե մի մասը կլուծվի: Եթե նույնիսկ ինձ համար չլինի, եկող սերնդի համար թող լուծվեն, որ մեզ պես խնդիրների առաջ չկանգնեն, մարզումների ժամանակ վնասվածքներ չստանան, կիսաքանդ դահլիճներում չմարզվեն եւ այլն:

Ռոբերտ Էմմիյանի երազած ռետինե ծածկույթով միջազգային չափանիշներին համապատասխանող վազքուղին կկառուցվի Արտաշատում: Ըստ քեզ՝ ինչո՞ւ չհաջողվեց տասը տարիների ընթացքում երկրի իշխանությունների հետ համաձայնության գալ: 

Մայրաքաղաքի այն մարզադաշտերը, որտեղ նախատեսվում էր  կառուցել ռետինե ծածկույթով վազքուղին, խնդիրներ առաջացրեց մեզ համար: «Հրազդան» ստադիոնը սնանկ է ճանաչվեց, այնտեղ երկար ժամանակ ոչինչ հնարավոր չէ անել: Կողքով անցնում ես, լացդ է գալիս, թե ինչպես այդ հսկա կառույցը չի օգտագործվում, անտերության է մատնված: Նախատեսվում էր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կառուցել, բայց այստեղ էլ մեզ համար խնդիրներ առաջացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Տեխնիկական խնդիրներ առաջ բերեցին: Վերջում որոշեցին, որ Արտաշատի մարզադաշտն աթլետիկական սիրտ է, եւ այնտեղ պետք է կառուցել:

Իմ կարծիքով, Արտաշատում մարզադաշտը կառուցելու գաղափարը ստրատեգիական տեսանկյունից այդքան էլ ճիշտ չէր: Եթե մենք ուզում ենք միջազգային մրցաշար կազմակերպել եւ այն չի անցկացվում Երեւանում, արդեն վնաս է մեզ, վնաս է նաեւ երկրի տնտեսությանը: Միջազգային մրցաշարերը կբերեին մեծ թվով զբոսաշրջիկներ, միջազգային կառույցներն ավելի շահագրգռված կլինեին շատ մրցաշարեր կազմակերպել Երեւանում: Դա մեր երկրին շատ մեծ օգուտ կտար, նաեւ մարզիկներիս համար օգտակար կլիներ: Կասկածում եմ, որ միջազգային կառույցները ցանկություն հայտնեն Արտաշատում միջազգային մրցաշար անցկացնել: Ամեն դեպքում, Արտաշատում են կառուցում, գոնե կունենանք բարվոք մարզադաշտ, մարզվելու պայմաններ: Հուսամ՝ այս մարզադաշտը կօգնի բարելավել մեր արդյունքները:

Լեւոն, ո՞ր պարագայում կլքես Հայաստանի հավաքականը եւ կփոխե՞ս մարզական քաղաքացիությունդ:

Այս հարցն ինձ շատ են տալիս են: Եթե ես ուզենամ, այլ երկրում կկարողանամ Եվրոպայի, աշխարհի չեմպիոն դառնալ, ավելի մեծ բարձունքների հասնել: Շատ առաջարկներ եմ ստացել տարբեր երկրներից, բայց չեմ ցանկացել հեռանալ, քանի որ շատ եմ սիրում Հայաստանը: Սպորտային քաղաքացիությունս փոխելու միակ դրդապատճառ կլինի այն, որ ես չունենամ ապրուստի միջոցներ, ինձ չվարձրատրեն: Այնպես չէ, որ հիմա բարձր եմ վարձատրվում: Դրդապատճառ կարող է լինել նաեւ երկրի ղեկավարության կոմից բացարձակ անտարբերությունը մարզաձեւի հանդեպ, այնպես,որ որ չկարողանամ մասնակցել միջազգային մրցաշարերի: Այս տեսանկյունից, օրինակ, որպես հայրենասեր մարդ, տարօրինակ եմ համարում Լեւոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալու եւ այլ դրոշի ներքո հանդես գալու որոշումը: Ես նրան անձամբ չեմ ճանաչում, բայց շատ հարգում եմ այն ամենի համար, ինչ նա արել է Հայաստանի համար: Երկրի համար այս ծանր իրավիճակում նման որոշում կայացնելը շատ մեծ կասկածներ է մտցնում մյուս մարզաձեւերի մարզիկների մեջ: Իմ կարծիքով, սա ամենավատ որոշումն էր եւ ամենասխալ պահը, քանի որ մեր երկիրը շատ վատ վիճակում է այժմ: Հոգեբանական մտորումների տեղիք է տալիս Լեւոնի նման քայլը ոչ միայն մարզիկների, այլեւ ժողովրդի համար:

Ինչ վերաբերում է իմ՝ այլ երկրի դրոշի ներքո հանդես գալուն, գուցե ես գնամ այլ երկիր, իմ ներուծն ավելանա, մեծ հնարավորություններ ստեղծվեն, սոցիալական վիճակս բարելավվի, բայց՝ ոչ։ Ես չեմ կարող հեռանալ Հայաստանից եւ ներկայացնել այլ երկիր: Չեմ կարող եւ չեմ ուզում: Եթե ուզենայի, արդեն հեռացած կլինեի, արդեն մի առաջարկ ընդունած կլինեի:

Պատրաստվում ես Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելուն: Ե՞րբ եւ ո՞ր մրցաշարում կպայքարես վարկանիշի համար:

Մայիսի 18-19-ն Արտաշատում տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, որտեղ էլ կփորձեմ լրացնել նորմատիվը եւ ապահովել օլիմպիական ուղեգիրս: Հայաստանի առաջնությունը թույլ տալիս է, որ, նորմատիվ լրացնելով, վարկանիշ ձեռք բերես: Նախորդ առաջնությունում նորմատիվը լրացնելու համար շատ քիչ էր պակասում ինձ: Օլիմպիական նորմատիվը 17 մետր, 14 սմ է: Հենց այս մրցմանը ցանկանում եմ լուցել վարկանիշի հարցը, որպեսզի արդեն լիարժեք պատրաստվեմ Օլիմպիական խաղերին։ Մարզավիճակս լավ է, մինչև իմ մրցելույթի օրը՝ մայիսի 18-ը, ավելի կլավանա։ Մեծ խոստումներ չեմ տա, բայց շատ լավ ցատկեր եմ կատարելու:

Լուսինե Շահբազյան

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։