«Կադիսի» նախագահ. Պայմանագիր ենք կնքել պաշտպանի հետ

11:34   13 մայիսի, 2021

Իսպանիայի Լա Լիգայում հանդես եկող «Կադիսի» նախագահ Մանուել Վիսկանոն հայտնել է, որ ակումբը պայմանագիր է կնքել պաշտպանի հետ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ զազախական «Աստանայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մոտ է «Կադիս» տեղափոխվելուն:

«Արդեն ունենք մեկ ֆուտբոլիստ, որի հետ պայմանագիր ենք կնքել հաջորդ մրցաշրջանի համար: Նա օգուտ կբերի թիմին, սակայն դեռ չեմ կարող նշել նրա անունը: Նա պաշտպան է»,- Մանուել Վիսկանոյի խոսքը մեջբերում է Marca-ն:

Մանուել Վիսկանոն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ աշխատել է իսպանական «Սևիլիայում»։

Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանը ձմռանը հեռացել էր ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող ռուսական «Տամբովից» և փետրվարին տեղափոխվել «Աստանա»: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 800 հազար եվրո:

Ղազախստանի ընթացիկ առաջնությունում հայ պաշտպանը մասնակցել է 8 խաղի և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում նա հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2009-2019), Իրանի «Փադիդեհում» (2016-2017) ու Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.