22:45 8 մայիսի, 2021Ես այն տարիքում չեմ, որ այսօր մի որոշում կայացնեմ, իսկ վաղը փոխեմ: Իմ հեռանալը կսթափեցնի բոլոր պատասխանատուներին, որպեսզի մյուս շախմատիստների նկատմամբ լինի ճիշտ վերաբերմունք, մարզաձեւն ունենա լուրջ պետական աջակցություն: Հետդարձի ճանապարհի մասին չեմ մտածում, բայց իմ կապը Հայաստանի եւ հայկական շախմատի հետ երբեք չի կտրվի: Ես կլինեմ մաքսիմալ ակտիվ հայկական շախմատում:
Այս մասին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցած դասախոսության ընթացքում ասաց Հայաստանի հավաքականի կազմում Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանը՝ պատասխանելով Հայաստանից հեռանալու մասին հարցին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
Մայիսի 8-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Լեւոն Արոնյանի եւ նրա ընկերուհու՝ Անիտա Այվազյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երկու հագեցած հանդիպում՝ երեխաների ու պատանիների, երիտասարդների ու մեծահասակների հետ: Երկու դեպքում էլ Երեւանի շախմատի տան դահլիճը լեփ-լեցուն էր: Լեւոն Արոնյանին լսելու, հարցեր ուղղելու, գրոսմայստերի հետ անձամբ շփվելու էին եկել շախմատի սիրահարներ, ապագա եւ գործող շախմատիստներ: Երեխաների հետ հանդիպմանը Լեւոնը պատմեց իր շախմատիստի պատմությունը, խորհուրդներ տվեց՝ ինչպես դառնալ լավ շախմատիստ եւ հակիրճ դասախոսություն կարդաց սկսնակ խաղացողների համար:
Մեծահասակների հետ հանդիպումն ավելի մասնագիտական էր եւ խոսվեց պրոֆեսիոնալ շախմատի մասին: Արոնյանը նախ դասախոսություն կարդաց սկզբնախաղի կարեւորության, խաղային դիրքերի, Ֆիշերի շախմատի մասին: Առանձին դրվագներով կիսվեց իր փորձով, խոսեց հայկական շախմատի, Հայաստանի հավաքականի անդամների եւ համաշխարհային շախմատիստների հետ իր պարտիաների ու աշխատանքի մասին:
«Հայաստանի հավաքականի թիմային հաջողությունները մեր տարիներին կապված էին նրա հետ, որ ես ու Գաբրիել Սարգսյանն աշխատում էինք իրար հետ, շատ մտքեր էին տալիս: Կային շախմատիստներ, որ հրաշալի խաղում էին, բայց աշխատող չէին: Օրինակ՝ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը շատ տաղանդավոր, պայքարող են, բայց գիտելիքները նրանց մոտ այդքան շատ չէր: Երբ ես ու Գաբրիելը միացանք թիմին, զգացինք՝ սա այն պահն է, որ կարող ենք փորձել: Մեր հին թիմերը մտնում էին հնգյակ, եռյակ, բայց հաղթանակի մասին երբեք չէին մտածում: Ես մտածում էի՝ կարող է այդպիսի մի բան լինի, որ մենք հաղթանակներ ունենանք: Այն ժամանակ պետությունը, ֆեդերացիան՝ Սերժ Ազատիչի գլխավորությամբ շատ ակտիվ էր: Մեզ խոստանում էին մեծ բաներ, եթե առաջին տեղը գրավեինք: Մարդը կարող է լինել հայրենասեր ու նվիրված իր գործին, բայց երբ կողքից ասում են՝ եթե դու ամեն ինչդ տաս ու հասնես հաջողության, ընտանիքիդ կարողանալու ես լավ պահել, շատ կարեւոր է իմ կարծիքով:
Ես մեծացել եմ Գաբրիել Սարգսյանի հետ: Նրա մեջ շատ ուժեղ կամք կա: Վստահ կարող եմ ասել, որ Գաբրիելն է ինձ դարձրել ուժեղ շախմատիստ: Երբ գնում էինք մրցաշարի, ինձ համար այն շատ թեթեւ, զվարճալի մի բան էր: Ես վայելում էի այդ օրերը, տղաներին էի տեսնում, խաղում էինք, հավես էր անցնում, բայց Գաբրիելի համար, զգում էի, որն շատ ծանր է անցնում այդ մրցաշարը: Նա իր բնավորությամբ այդքան տակտիկ չէ, ավելի շատ ստատեգիական է խաղում, այդ պատճառով միշտ լարվում էր, որ ոչինչ բաց չթողնի: Իմ ոճն ավելի թեթեւ էր: Երեւի, դա խանգարեց Գաբրիելին, այլապես, իմ կարծիքով, իր շախմատային մտածողությամբ ու տաղանդով Գաբրիելը պետք է աշխարհի 20-յակում լիներ»,- ասաց գրոսմայստերը:
Հարցին՝ կվերադառնա հետ, եթե Հայաստանում շախմատի նկատմամբ վերաբերմունքը փոխվի, Լեւոն Արոնյանը կտրուկ պատասխանեց.
«Ես այն տարիքում չեմ, որ այսօր մի որոշում կայացնեմ, վաղը փոխեմ միտքս: Մի քիչ լուրջ եմ վերաբերվում իմ քայլերին: Մտադրություն ունեմ շատ ակտիվ լինել Հայաստանում շախմատի մեջ: Մինչեւ մի բանը չի կորում, չեն կարողանում դա գնահատել եւ վերանայել: Ուզում եմ, որ իմ գնալը լինի այն հիմքը, որ շախմատը զարգանա Հայաստանում, մեր տաղանդավոր երիասարդներին փորձեն հասցնել բարձրունքների: Մեծ հույսեր ունեմ, որ իմ գնալը կսթափեցնի, իսկ իմ մնալը հաստատ չէր սթափեցնի: Այդ պարագայում ես ինձ կզգայի պնդաճակատ եւ ուրիշներն էլ այդպես կմտածեին իմ մասին:
Ես գնում եմ այլ երկիր, բայց չեմ կտրելու իմ կապը հայրենիքիս հետ: Ես որոշումը կայացրել եմ եւ այդքանից ավելի ոչինչ չունեմ ասելու: Չեմ ուզում ոչ ուրիշ երկիր գնալ, ոչ ուրիշ ազգի մեջ ապրել, ոչ ուրիշ լեզվով խոսել, հեչ չեմ ուզում, բայց ստիպված եմ»,- ընդգծեց Լեւոն Արոնյանը:
Հայկական շախմատի առաջատարը նաեւ պատմեց համաշխարհային շախմատում իր մտերիմ ընկերների, մասնավորապես, շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարով մասին:
«Կասպարովի հետ լավ հարաբերությունների մեջ ենք, շատ ենք խաղացել, շփվել: Մի անգամ Կասպարովին մրցաշարի էի հրավիրել Արցախ, բայց այդպես էլ չստացվեց: Շատ կուզեի մի օր Արցախը նորից ազատենք եւ վերադառնանք այնտեղ»,- նշեց Լեւոն Արոնյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեւոն Արնոյանը հայտնել էր, որ ծրագրում է օգոստոսին տեղափոխվել ԱՄՆ: Հայկական շախմատի առաջատարը այս տարվա փետրվարի 26-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր Հայաստանից հեռանալու եւ առաջիկայում ԱՄՆ հավաքական տեղափոխվելու որոշման եւ դրանց պատճառների մասին: Հայ գրոսմայստերը դեռ չի ներկայացնում ԱՄՆ-ը եւ մրցաշարերում հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.