Ֆոնսեկա. Պայքարը լքեցինք մանչեսթերյան սարսափելի 45 րոպեների պատճառով

14:12   7 մայիսի, 2021

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 3:2 հաշվով կամային հաղթանակը Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում: Չնայած այդ հաղթանակին՝ իտալական ակումբը լքել էր պայքարը, քանի որ առաջին խաղում պարտվել էր 2:6 հաշվով:

«Շատ լավ սկսեցինք պատասխան խաղը, ունեինք բազմաթիվ գոլային պահեր, բայց հետո գոլ բաց թողեցինք: Մրցակիցն օգտագործեց իր առաջին հնարավորությունը: Սակայն մեր մեջ ուժ գտանք դրան պատասխանելու համար:

Պայքարը լքեցինք Մանչեսթերում տեղի ունեցած սարսափելի 45 րոպեների պատճառով: Այսօր անցկացրինք հրաշալի հանդիպում, սակայն դա բավականաչափ չէր»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում առանց փոխարինման էր խաղացել իր նախկին թիմի դեմ։ 32-ամյա Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:

Եվրոպայի լիգայի մյուս կիսաեզրափակիչում իսպանական «Վիլյառեալը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր Լոնդոնի «Արսենալին» (2:1, 0:0) և պատմության մեջ առաջին անգամ կխաղա եվրագավաթների եզրափակիչում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։