Սոֆիա. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը չկարողացավ նվաճել օլիմպիական ուղեգիր

16:18   6 մայիսի, 2021

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հաջողության չհասավ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում, որին ներկայացել է 2 մարզիկով:

86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը որակավորման փուլում 7:2 հաշվով հաղթեց կանադացի Ալեքսանդր Մուրին, իսկ 1/8 եզրափակիչում ուժեղ գտնվեց Պուերտո Ռիկոն ներկայացնող Ադրիան Ռամոսից՝ 6:4: Կիսաեզրափակիչի ուղեգիրը հայ ըմբիշը վիճարկեց լեհ Զբիգնև Բարանովսկու հետ և պարտվեց ժամանակից շուտ՝ 2:12:

74 կգ քաշային Արման Անդրեասյանը ևս մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 11:6 հաշվով հաղթել էր ավստրիացի Սիմոն Մարչլին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 8:14 հաշվով պարտություն կրեց հույն Գեորգիոս Կունգիոումցիդիսից և լքեց պայքարը։

Սոֆիայի մրցաշարում Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճում միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:

Հիշեցնենք, որ վերջերս Արման Անդրեասյանը մասնակցել էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը և բրոնզե մեդալ նվաճել 70 կգ քաշային կարգում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Սոֆիայում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեն Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), իսկ հունահռոմեականների թիմից՝ Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։