Դե Ռոսին կարող է ընդգրկվել «Ռոմայի» մարզչական շտաբում

16:16   5 մայիսի, 2021

«Ռոմայի» լեգենդար կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին կարող է դառնալ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի օգնականն իտալական ակումբում։ 

Il Messaggero-ի համաձայն՝ 37-ամյա իտալացուն հրավիրելու գաղափարը պատկանում է «Ռոմայի» մարզական տնօրեն Տյագու Պինտուին:

Այս տարվա մարտին Դանիելե Դե Ռոսին ընդգրկվել էր Իտալիայի ազգային հավաքականը գլխավորող Ռոբերտո Մանչինիի մարզչական շտաբում: Նա  նոր է սկսում մարզչական կարիերա։

Դե Ռոսին 2019 թվականին էր ավարտել ֆուտբոլիստի կարիերան, իսկ նրա վերջին ակումբն էր արգենտինական «Բոկա Խունիորսը»։ Իտալիայի ազգային հավաքականում նախկին կիսապաշտպանը 2004-2017-ն անցկացրել է 117 հանդիպում և դարձել 21 գոլի հեղինակ։ «Ռոմայում» նա խաղացել է 2002–2019-ը։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին «Ռոման» պաշտոնապես հայտարարել էր, որ այս մրցաշրջանի վերջում թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկային կփոխարինի վերջերս Լոնդոնի «Տոտենհեմից» հեռացված 58-ամյա Մոուրինյոն: Պորտուգալացի մասնագետի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2024 թվականի ամառ:

Ժոզե Մոուրինյոն ապրիլի 19-ին էր հեռացվել «Տոտենհեմից»: Մարզիչը 2019-ի նոյեմբերից էր գլխավորում անգլիական ակումբը, որը նրա գլխավորությամբ բոլոր մրցաշարերում անցկացրել է 86 հանդիպում, տարել 44 հաղթանակ, կրել 23 պարտություն ու գրանցել 19 ոչ ոքի:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։